27 ապրիլի 2016 - 00:18 AMT
ՀՀ ՊՆ. Արցախում լարվածության մասին զեկուցվում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչին

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 26-ի օրվա ընթացքում և այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ամբողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր:

Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված, ինչի վեարբերյալ պարբերաբար տեղեկացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Դեսպանի հետ ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպմանը ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական զինված դիմակայության գոտում տիրող իրավիճակը և Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Ընդգծվել է ԵԱՀԿ-ի դերը զինված դիմակայության գոտում լարվածության թուլացման գործում, ինչպես նաև մոնիտորինգային և միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ:

Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 120 անգամ` օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 (3 արկ), 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետ (57 արկ) և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (11 կրակոց):

Շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է նաև SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ (1 հատ):

Կարդացեք նաև՝ ԼՂՀ ՊՆ. Հակառակորդն ինտենսիվ հրետակոծում է առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը