Օսկանյանը նոր կուսակցություն է հիմնում. «Համախմբումը» հավակնում է քաղաքական նոր բևեռ ստեղծել

Օսկանյանը նոր կուսակցություն է հիմնում. «Համախմբումը» հավակնում է  քաղաքական նոր բևեռ ստեղծել

PanARMENIAN.Net - «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ կուսակցությունն այժմ պատրաստվում է հիմնադիր համագումարին: Կուսակցությանն անդամագրվել են Վարդան Օսկանյանը, Անդրանիկ Թևանյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Երվանդ Բոզոյանը, Մանվել Եղիազարյանը, Ռուբեն Կարապետյանը և այլոք:

Հայաստարարության մեջ ասվում է նաև, որ կուսակցությունը ստեղծվում է պատմական մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգության ապահովման և ներքին լուրջ փոփոխությունների անհրաժեշտության առաջ։ «Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է նոր՝ համախմբման պոտենցիալ ունեցող ուժ: Հասարակությունը վաղուց է հիասթափվել տարիների ընթացքում ձևավորված քաղաքական կոնյունկտուրայից, որի միջոցով հնարավոր չի եղել Հայաստանում ձևավորել տնտեսական ու քաղաքական արդար հարաբերություններ։ Մենք ոչ թե հերթական, այլ առանցքայի՛ն քաղաքական ուժ դառնալու հայտ ենք ներկայացնում։ Այս նոր ուժի հաղթանակը կլինի մեր հանրության հաղթանակը՝ ներքին ու արտաքին մարտահրավերներին արժանապատվորեն պատասխանելու միջոցով:

Արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումն ու այդ իրավունքի միջազգային ճանաչումը ՀՀ անվտանգության ապահովման համար անկյունաքարային են, և մենք բոլոր հարթություններում հետամուտ ենք լինելու այդ հարցի դրական լուծմանը»,-ասվում է փաստաթղթում։

Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի անդամներս համոզված են, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը էական վերանայման կարիք ունի: Հայաստանը որակապես նոր հարաբերություններ պետք է հաստատի արտաքին աշխարհի հետ` հանդես գալով որպես ինքնուրույն, ինքնիշխան, իրավահավասար, վստահելի գործընկեր՝ առաջնորդվելով պետական շահի մշտական գիտակցմամբ, անմասն չմնալով և օգուտ քաղելով միջազգային կարևոր զարգացումներից: Մենք լուրջ պոտենցիալ ենք տեսնում Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ԱՄՆ նոր որակի հարաբերությունների զարգացման համար: Անհրաժեշտ է տարածաշրջանային համագործակցության նոր հայեցակարգ և հատկապես Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների նշաձողի բարձրացում։

Ասվում է նաև, որ լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստան-Սփյուռք նոր տիպի հարաբերությունների, նոր օրակարգի ստեղծման համար:

«Մենք ցանկանում ենք քաղաքական նոր բևեռի ստեղծման միջոցով հանրությանը տալ այլընտրանքի և քաղաքական վիճակը փոխելու իրական հնարավորություն։ Գլոբալացվող և տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում մենք նոր սերնդի համար հնարավորություն պետք է ապահովենք և ստեղծենք բոլոր պայմանները երիտասարդների ինքնադրսևորման համար։

Մենք բոլոր կարևորագույն հարցերի շուրջ ներկայացնելու ենք մեր ծրագրերն ու քաղաքական պայքարի մոտեցումները։ Առաջարկելու ենք լուծումներ` երկրի անվտանգությանն ու բանակի ամրապնդմանը, տնտեսական զարգացմանը, քաղաքական համակարգի բարեփոխմանը, արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում։ Մենք համախմբվում ենք, որպեսզի իշխանությունը վերադարձնենք ժողովրդին և Հայաստանի քաղաքացուն տանք իրատեսական ծրագրերի վրա կառուցված ապագայի տեսլական: Մենք անհիմն ու ինքնանպատակ չենք քննադատելու և ատելության քարոզ չենք տանելու։

Առկա մարտահրավերներին դիմակայելու համար մենք պատրաստ ենք համագործակցել քաղաքական ամենատարբեր ուժերի և բոլոր այն շրջանակների հետ, որոնք տեսնում են խորքային փոփոխությունների անհրաժեշտություն ու կիսում են մեր մտահոգությունները, մեր շեշտադրումները և մեր նպատակը։ Մեզ պետք է իրական համախմբում, որը կլինի ոչ թե մեկ անձի կամ անձերի շուրջ, այլ հանուն գաղափարի և առանցքային խնդիրների լուծման»,-սավում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---