Ապրիլյան մարտերի ընթացքում հակառակորդը հայկական կողմի շտապօգնության 4 մեքենա է վնասել

Ապրիլյան մարտերի ընթացքում հակառակորդը հայկական կողմի շտապօգնության 4  մեքենա  է վնասել

PanARMENIAN.Net - Քառօրյա մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը կորցրել է չորս շտապօգնության մեքենա: Այս մասին հայտնել է Ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

«Երևում է, և հակառակորդը նպատակային հարվածել է մեքենային: Բարեբախտաբար, տվյալ պահի դրությամբ անձնակազմը դուրսն է եղել, երբ որ մեքենան ամբողջությամբ տեղում պայթել է, անձնակազմը դրսում վիրավորի հետ աշխատելիս է եղել: Մնացած երեք դեպքում տարբեր տրամաչափերի հրազենային զենքերով վնասել են, բոլոր դեպքերում էլ բժշկական անձնակազմը չի տուժել, վիրավորներ ունեցել ենք, բայց մահվան դեպք չի գրանցվել»,- ասել է նա, գրում է Aravot.am-ը:

Խաչատրյանը քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում բժշկական հաստատությունների աշխատանքը համեմատելով նախորդ պատերազմի ընթացքում կատարված բժշկական աշխատանքի հետ՝ ասել է, որ մեծ տարբերություն կա. «Բոլոր վիրահատությունները կատարվել են Մարտակերտի հոսպիտալում: Այսինքն՝ դա խոսում է այն բանի մասին, որ Մարտակերտի հոսպիտալը այնքան է հագեցված բժշկական տեխնիկայով, որ հնարավորություն ունեցել է այդ վիրավորներին վիրահատել»:

Խաչատրյանը հավելել է, որ մարտական գործողությունների առաջին իսկ օրերից բուժծառայությունը ռազմաբժշկական զորամասերում կազմակերպված է եղել, ինչի արդյունքում բոլոր վիրավորներին ժամանակին և ճիշտ կազմակերպված բժշկական օգնություն է տրամադրվել:

Ըստ նրա՝ ռազմական բժիշկները քառօրյա պատերազմի օրերին, նույնիսկ մինչև առաջնագծից 10 կիլոմետր հեռավորության վրա կատարել են բացառիկ վիրահատություններ, այդ թվում՝ պլաստիկ վիրահատություն, որի արդյունքում զինվորի ստորին վերջույթները պահպանվել են, և նա այսօր քայլում է, գրում է Panorama.am-ը:

Ռազմաբժշկական վարչության պետի խոսքով՝ ռազմական բժիշկները կարողացել են անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս նվազեցնեն վիրավորվածների շրջանում հաշմանդամության տոկոսը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---