Ուսանողներին տարկետում չի տրվի՝ բացառությամբ որոշ դեպքերի. Օրինագիծը կներկայացվի ԱԺ

Ուսանողներին տարկետում չի տրվի՝ բացառությամբ որոշ դեպքերի. Օրինագիծը կներկայացվի ԱԺ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն ապրիլի 27-ին ԱԺ—ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ խոսել է ուսանողներին զինվորակար պարտադիր ծառայության տարկետումից ազատելու օրենսդրական նախաձեռնության մասին:

Հակոբյանը հիշեցրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն այն մասին, որ բանակում հիմնականում աղքատ ընտանիքների երեխաներն են՝ միջին և բարձր խավի ընտանիքների երեխաների բուհեր ընդունվելու պատճառով: Այդ կապակցությամբ պատգամավորը նշել է, որ դեռևս մեկ տարի առաջ Թևան Պողոսյանի հետ նախագիծ էր մշակվել, համաձայն որի բոլոր ուսանողները պիտի անցնեն ծառայության 18 տարին լրանալուն պես, որը կառավարությունը չէր մերժել, սակայն նշել էր, որ հարցի շուրջ կոնսենսուս պիտի լինի:

Tert.am-ի հաղորդմամբ, պատգամավորը նշել է, թե միշտ չէ, որ ժողովրդահաճո օրենքներ պետք է ընդունվեն: Նա կարծիք է հայտնել, որ փոփոխության պատճառով գիտությունը չի տուժի, քանի որ թեզ պաշտպանողներից 10%-ն է միայն գիտությամբ զբաղվում, ու հետաքրքրվել է նախագծի ապագայով:

Կառավարության աշխատակազմի ղեկավարը Դավիթ Հարությունյանը պատասխանել է, որ գաղափարը լրամշակված տեսքով կառավարությունը շատ շուտով կներկայացնի խորհրդարան: «Կան որոշակի մասնագիտություններ, հատկապես՝ բնագիտական մասնագիտությունները, որոնց պոտենցիալն ուղղվում է ռազմարդյունաբերությանը՝ բացառությամբ որոշակի դեպքերի։ Մենք այդ լուծումը տալու ենք»,-ասել է Հարությունյանն ու նշել, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում խորհրդարանը կստանա նախագիծը:

Գործող կարգի համաձայն, համալսարաններում պետպատվերով սովորող ուսանողները ստանում են զինծառայությունից տարկետում: Նույնը վերաբերվում է նաև ասպիրանտներին, իսկ գիտական թեզ պաշտպանողներն ազատվում են պարտադիր ծառայությունից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---