Օհանյան. Աշխատում ենք, որ ռուսական զենքի առաքումն արագացվի

Օհանյան. Աշխատում ենք, որ ռուսական զենքի առաքումն արագացվի

PanARMENIAN.Net - Ռուսաստանից $200 մլն-իսպառազինություն ձեռք բերելու պայմանավորվածությունները կայացվել են, հիմա աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը Մոսկվայում մասնակցում է Միջազգային անվտանգության հարցերին նվիրված համաժողովին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նախարարը նշել է, որ նախնական պայմանագրերը համաձայնեցված են, բայց ճշտման փուլում են, որ աշխատանքներն ավելի արագ ընթացք ստանան, քանի որ վարկի տրամադրման վերջնական որոշումը (իրենց տեխնիկական պայմանագրերով ու համապատասխան բնութագրերով) նոր է ընդունվել: Այդ աշխատանքների մի մասը, նախնական պայմանավորվածության համաձայն, արդեն կատարվում էր:

Անդրադարձ է եղել նաև հարցին, թե արդյոք Ռուսաստանի ներկայացուցիչները՝ պաշտպանության նախարարը կամ այլ պաշտոնյաները, չեն փորձել կազմակերպել ՀՀ ՊՆ ղեկավարի և Ադրբեջանի իր պաշտոնակցի հանդիպումը: Օհանյանն ասել է, որ այդպիսի խոսակցություն չի եղել, քանի որ ինքն ասել է, որ չկրակելու, չխախտելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունը շատ կարճ ժամանակ է պահպանվել, մանավանդ վերջին օրերին:

«23-ի լույս 24-ի գիշերվանից սկսած մինչև հիմա խախտվում է հրադադարի պայմանավորվածությունը, մանավանդ գիշերային ժամանակահատվածում, մանավանդ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածում՝ օգտագործելով բոլոր տիպերի հրետանային համակարգերն ու միջոցները: Այդ պարագայում ոչինչ չի մնում, քան այն, որ Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն նրանց սաստելու ուղղությամբ: Կոնֆերանսի միջանցքում, երբ ընդմիջում էր, ինձ մոտեցան նաև ադրբեջանցի լրագրողներ և հարցադրումներ արեցին՝ ինչու՞ Հայաստանը միջոցներ չի ձեռնարկում խաղաղ բանակցությունների անցկացման ուղղությամբ, ես նրանց պատասխանեցի՝ ընդհակառակը՝ Հայաստանը միշտ էլ կողմնակից է եղել բանկցություններում հաջողություններ ունենալուն, վստահության մթնոլորտի համապատասխան մեխանիզմների ձևավորմանը, այդ ամեն ինչից հրաժարվել է Ադրբեջանը: Եվ այս իրականության մեջ անհնար է խոսել բանակցային գործընթացի մասին, մինչև կողմերը չդադարեցնեն բոլոր խախտումները, ընդ որում՝ հենց ադրբեջանակն կողմը, որը կոպիտ խախտումներ է անում»,-ասել է Օհանյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հայ-ռուսական հարաբերությունները մնացել են նույն մակարդակի վրա, և Ռուսաստանն այսօր էլ կարող է համարվել Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը` նախարարն ասել է. «Այսօր չեմ կարող նշել որևէ փաստ, որով կմատնանշվեր, որ մեր հարաբերությունները, որպես ռազմավարական գործընկերոջ, ինչ-որ ձևով խախտված են ու չեն կատարվում: Մանավանդ՝ ռազմական-պաշտպանական ոլորտում հարաբերությունները մնում են նույնը, դրանք նույնն են նույնիսկ մարդկային առումով: Կարծում եմ, որ այդ բոլոր խոսակցությունները, ասեկոսեները, ոչ խորը վերլուծության և իրադրության ոչ խորը գնահատականի արդյունք են»:

Անդրադառնալով ՊՆ համակարգում նոր պաշտոնանկությունների հավանականությանը` Օհանյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանավորված, բարձր պաշտոնյաների նկատմամբ այդ քաղաքականությունն իրականացվում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ համաձայնեցված, և այսօր այդպիսի նոր պլաններ չկան: Նա հավելել է, որ իրադրությունը, հաշվի առնելով նաև որոշակի խախտումները Ադրբեջանի կողմից, Պաշտպանության բանակի համապատասխան գործողությունների շնորհիվ կայունացված է, համարժեք միջոցառումներ ձեռնարկվում են, Պաշտպանության բանակը պատրաստ է իրականացնել իր առջև դրված խնդիրը, իսկ Հայաստանի Հանրապետությունը, որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, այսօր համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում Պաշտպանության բանակին այդ ամենում աջակցելու համար: «Գլոբալ առումով, մեր պայմանավորվածությունները՝ Հայաստանի անվտանգության ապահովման, մեր ռազմավարական գործընկերոջ հետ միասին, անփոփոխ են»,-ասել է ՊՆ ղեկավարը:

Ապրիլի 27-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ իր դաշնակիցներն ու գործընկերները կոմպակտ, բարձր շարժունակության ուժեր ունենան` հագեցած ժամանակակից զենքով:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր դաշնակիցներն ու գործընկերները կոմպակտ, բարձր շարժունակության զինված ուժեր ունենան` հագեցած արդիական սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, որոնք ունակ կլինեն հուսալիորեն և արդյունավետ կերպով դիմակայել ազգային անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին: Մեր գործողությունների տրամաբանությունը պարզ է ու հստակ` ՀԱՊԿ սահմանների ամրացումը Ռուսաստանի անվտանգության հզորացում է»,-հայտարարել է Շոյգուն Միջազգային անվտանգության մոսկովյան խորհրդաժողովի շրջանակում:

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարեց, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---