ԱՆ. Դուրս է գրվել շփման գծում վիրավորված 87 անձ, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԱՆ. Դուրս է գրվել շփման գծում վիրավորված 87 անձ, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

PanARMENIAN.Net - Ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Երևանի տարբեր բժշկական հաստատություններում գտնվող վիրավորների առողջական վիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում:

Ըստ անհրաժեշտության հանրապետության առաջատար նեղ մասնագետների ներգրավվմամբ բժշկական կոնսիլիումներ հրավիրելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարություն ամեն օր տեղեկատվություն է ստացվում վիրավորների առողջական վիճակի շարժընթացի մասին: Ուշադրության կենտրոնում է վիրավորների հետագա վերականգնողական բուժման, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների ապաքինման կազմակերպումը, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Քառօրյա պատերազմի հետևանքով տարբեր բժշկական հաստատություններում բուժում է ստացել 125 վիրավոր, հաջորդող օրերին ընդունվել են ևս 34-ը: Մասնագետների համատեղ ջանքերով` արդեն 87 վիրավոր է դուրս գրվել բժշկական կենտրոններից: Այս պահի դրությամբ ծայրահեղ ծանր է գնահատվում 2, իսկ ծանր` 6 վիրավորների առողջական վիճակը:

ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում համակարգել տուժածների առողջական վիճակին վերաբերող յուրաքանչյուր հարց: Խնդիրների, դժգոհությունների կամ հարցերի դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` (+374 10) 52-88-72 հեռախոսահամարով:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում հայկական կողմն ունեցել 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է: Ապրիլի լույս 27-ի գիշերը վիրավորվել է 3 զինծառայող:

Ապրիլի 27-ին Ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը հայտարարեց, որ մարտական գործողությունների առաջին իսկ օրերից բուժծառայությունը ռազմաբժշկական զորամասերում կազմակերպված է եղել, ինչի արդյունքում բոլոր վիրավորներին ժամանակին և ճիշտ կազմակերպված բժշկական օգնություն է տրամադրվել:

Ըստ նրա՝ ռազմական բժիշկները քառօրյա պատերազմի օրերին, նույնիսկ մինչև առաջնագծից 10 կիլոմետր հեռավորության վրա կատարել են բացառիկ վիրահատություններ, այդ թվում՝ պլաստիկ վիրահատություն, որի արդյունքում զինվորի ստորին վերջույթները պահպանվել են, և նա այսօր քայլում է: Խաչատրյանը հավելել է, որ ռազմական բժիշկները կարողացել են անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս նվազեցնեն վիրավորվածների շրջանում հաշմանդամության տոկոսը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---