ՀԲ. ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկումը դրական կազդի ՀՀ տնտեսության վրա

ՀԲ. ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկումը դրական կազդի ՀՀ տնտեսության վրա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների հնարավոր չեղարկումը կարող է դրական անդրադառնալ ՀՀ տնտեսության վրա: Այդ մասին ասել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

«Առաջիկա 3-6 ամիսներին ՌԴ և ԵՄ հարաբերություններում կարող են որոշակի փոփոխություններ տեղի ունենալ, որոնք կարող են հանգեցնել ՌԴ դեմ գործող պատժամիջոցների չեղարկմանը: Եթե դա տեղի ունենա, ՌԴ տնտեսության վիճակը կբարելավվի, ինչը դրական ազդեցություն կունենա նաև հայկական տնտեսության վրա»,-ասել է նա լրագրողներին:

ՀՀ տնտեսության զարգացման համատեքստում Բեյլին նշել է, որ 2015-ը շատ հաջող էր գյուղատնտեսության ոլորտի համար, սակայն ընթացիկ տարվա մարտ ամսին գրանցված եղանակային անբարենպաստ պայմանները կարող են բացասաբար ազդել ակնկալվող բերքի ծավալների վրա, մասնավորապես` մրգի: «Բնականաբար, բացասական ազդեցության չափն ավելի ուշ հայտնի կդառնա»,-հավելել է նա:

Մարտի սկզբին Հայաստանի տարբեր մարզերում պարբերաբար գիշերային ցրտահարություններ գրանցվեցին: Ըստ գյուղնախարարության կանխատեսման, 2016-ին Հայաստանում ծիրանի բերքը կկազմի 45-55 հազար տոննա, մինչդեռ 2015-ին ծիրանի համախառն բերքը հասավ 103 հազար տոննայի, ինչն ավելի է 2014-ի ցուցանիշից 14 հազար տոննայով:

Ըստ ՀՀ պետբյուջեի, ՀՆԱ աճը Հայաստանում 2016-ին ծրագրված է 2,2%-ի չափով: Հայաստանի ԿԲ-ն իր վերջին կանխատեսման մեջ աճը գնահատել է 2,2%.: ՀԲ և ԱՄՀ վերջին տվյալներով, տնտեսական աճը ՀՀ-ում 2016-ին կկազմի 1,9%: Fitch-ն ակնկալում է մինչև 2% աճ, իսկ Moody’s-ը` ՀՆԱ աճի դանդաղում մինչև 2,2%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---