Վարչապետը ներկայացրել է ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարին

Վարչապետը ներկայացրել է  ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում Հարկադիր կատարման ծառայությունում իրականացված բարեփոխումների համար: Աբրահամյանը նշել է, որ ի դեմս ԴԱՀԿ ապահովող ծառայության՝ Հայաստանում այսօր գործում է կայացած գերատեսչություն, որն արդյունավետ իրականացնում է իր առջև դրված խնդիրները:

Ներկայացնելով ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմեն Հարությունյանին և նշելով, որ նա աշխատել է Հարկադիր կատարման ծառայությունում՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հարությունյանն իր փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման և բարեփոխումները շարունակելու գործին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Արմեն Հարությունյանին և արդյունավետ աշխատանք մաղթել:

Միհրան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին՝ վստահության համար և նշել, որ անցած տարիների ընթացքում կառույցն առավելագույն ջանքեր է ներդրել՝ առաջադրված խնդիրները կատարելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Նա շնորհավորել է Հարությունյանին նշանակման առթիվ և մաղթել հաջողություններ:

Իր հերթին Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար, ընդգծել, որ քաջ գիտակցում է Հարկադիր կատարման ծառայության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և վստահություն հայտնել, որ օրենսդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման միջոցով հնարավոր կլինի էլ ավելի բարձրացնել ԴԱՀԿ ապահովող ծառայության գործունեության արդյունավետությունը:

Ապրիլի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Արմեն Հարությունյանին: Հարությունյանն զբաղեցնում էր նախագահի ռեֆերենտի պաշտոնը: Մեկ այլ հրամանագրով նա ազատվել է նախկին պաշտոնից:

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 18-ին: Հրաժարականը հետևեց Պանամայյից օֆշորային ընկերությունների սեփականատերերի վերաբերյալ մասշտաբային արտահոսքին ու օֆշորային գոտում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ընկերություններ հայտնաբերելուն: Ինքը Պողոսյանը հայտարարել է, թե ցավում է, որ իր անունն արծարծվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին, անընդունելի եմ համարում, որ իր անձը պատճառ դառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ հրաժարական է ներկայացրել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---