Դիարբեքիրի Սբ Կիրակոսի հիմնադրամը դատական հայց է ներկայացրել եկեղեցու պետականացման դեմ

Դիարբեքիրի Սբ Կիրակոսի հիմնադրամը դատական հայց է ներկայացրել եկեղեցու պետականացման դեմ

PanARMENIAN.Net - Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամը դատական հայց է ներկայացրել եկեղեցին պետականացնելու մասին Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով, հայտնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Diyarinsesi.org» լրատվական կայքի` Թուրքիայի կառավարության և տարածքային կառավարման ու քաղաքաշինության նախարարության դեմ ներկայացված դատական հայցում նշվում է, որ այդ որոշումն ամբողջությամբ հակասում է օրենքին:

«Եկեղեցիները և վանքերը հատուկ պահպանության տակ գտնվող մշակութային և բնական ժառանգությունների ցանկում են: Նշյալ անշարժ գույքերը պետականացնելու ժամանակ պետք է կիրառվի «Մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին» օրենքը: Նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշմամբ կոպտորեն խախտվել է նշյալ օրենքը»,- ասվում է հայցադիմումի մեջ:

Դիմումի մեջ հղում է կատարվել նաև Լոզանի պայմանագրին. «Լոզանի պայմանագրով ազգային փոքրամասնությունների համար հավասար իրավունքներ է նախատեված բարեգործական, կրոնական և սոցիալական կազմակերպություններ հիմնելու, ղեկավարելու և դրանք վերահսկելու հարցում: Մասնավորապես պայմանագրի 42-րդ հոդվածով Թուրքիայի կառավարությունը երաշխավորում է փոքրամասնությունների եկեղեցիների ու կրոնական կառույցների պաշտպանությունը: Պետականացման որոշումը հակասում է Լոզանի պայմանագրին և սահմանադրության 90-րդ հոդվածին»:

Թուրքիայի նախարարների խորհուրդը մարտի 25-ին պետականացման որոշում է ընդունել մոտ 6.300 տարածքի ու անշարժ գույքի վերաբերյալ, որոնց շարքում են հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, ասորական ու բողոքական եկեղեցիները:

Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին գրեթե 100-ամյա լքվածությունից հետո ամբողջովին վերաբացվել էր 2012թ. նոյեմբերի 3-ին, ինչից հետո այն դարձել է տեղի հայերին միավորող կարևորագույն կենտրոն: Վերանորոգման ծախսերի մեծ մասը հոգացել էին թուրքահայ մեկենասները, մի մասն էլ տրամադրել էր Դիարբեքիրի քաղաքապետարանը: Սբ. Կիրակոսը Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---