Երևանաբնակ զոհված զինվորների՝ վարձով ապրող ընտանիքները բնակարան կստանան

Երևանաբնակ զոհված  զինվորների՝  վարձով ապրող ընտանիքները բնակարան կստանան

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 2-ին տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու մասով ավելի վաղ իր կողմից տրված հանձնարարականների ամփոփմանը: Նա հայտնել է, որ վերջնական որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով քաղաքապետարանի համապատասխան վարչությունների կողմից ներկայացված ընտանիքների կարիքների գնահատման ուսումնասիրման արդյունքները:

«Երևանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին կցուցաբերվի 1.5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն, հաշմանդամություն ձեռքբերած երևանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500 հազարական դրամի ֆինանսական աջակցություն», - տեղեկացրել է քաղաքապետը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման հնարավորության հետ կապված հանձնարարականին:

«Մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման արդյունքում՝ որոշեցինք կրճատել մասնավորապես «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ կիրականացվի դրամական աջակցությունը ընտանիքներին: Ի դեպ արդեն իսկ ամփոփվում են զոհված երևանաբնակ զինծառայողների` վարձով ապրող, բնակարանի կարիք ունեցող ընտանիքների ուսումնասիրման արդյունքները: Առաջիկա օրերին հստակ կունենանք ցանկը և կնախապատրաստենք ավագանու համապատասխան որոշումների նախագծեր, ինչը, համոզված եմ, ավագանու հաջորդ նիստում կհաստատենք և տվյալ ընտանիքներին կապահովենք բնակարաններով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն էլ զեկուցել է, որ նախորդ շաբաթ քաղաքապետի կողմից ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին գումար փոխանցելու հանձնարարականի հետ կապված քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի անունից արդեն իսկ փոխանցվել է 20 միլիոն դրամ:

Հանրակրթության վարչության պետն իր հեթին զեկուցել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվել առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների հաճախած դպրոցների ցանկը հստակեցնելու ուղղությամբ, որից հետո քայլեր կձեռնարկվեն համապատասխան հուշանկյուններ ստեղծելու ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ տվյալ հուշանկյունները պատրաստ լինեն մինչև սեպտեմբերի մեկը:

Մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք և ծառայական պարտքը կատարելու ժամանակ զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին միանվագ ապահովագրական գումարի չափը կազմում է 2 մլն դրամ, իսկ ծառայողական պարտականություններ կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում ընտանիքի անդամներին միանվագ վճարվում է 1 մլն դրամ փոխհատուցման գումար: Հաշմանդամ դարձած զինծառայողների համար ևս գործում է պետական ապահովագրության համակարգը. 1-ին խմբի հաշմանդամներին տրամադրվում է 500 հազար դրամի չափով միանվագ ապահովագրական գումար, 2-րդ խմբին՝ 400 հազար, 3-րդ խմբին՝ 300 հազար դրամ գումար:

Ինչ աջակցություն է նախատեսված զոհված և վիրավոր զինվորների ընտանիքների համար

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---