ԱԳ փոխնախարար. ԼՂՀ կարգավիճակը չի կարելի անորոշ թողնել

ԱԳ փոխնախարար. ԼՂՀ կարգավիճակը չի կարելի անորոշ թողնել

PanARMENIAN.Net - Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախևառաջ կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, կվերադարձնի իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները և բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ: Այսպիսի հայտարարությոն է արել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդման ժամանակ:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը վստահեցրել էր, թե Ադրբեջանը դուրս չի եկել բանակցություններից, և Բաքուն կողմ է խաղաղ բանակցային գործընթացին:

«Երբ որ Ադրբեջանն ասում է, որ ինքն, ըստ էության հրաժարվելով փաթեթայինից, տեսնում է փուլային լուծում, ավելին, ասում է, որ փուլային ասելով հասկանում է իր՝ ինչպես ինքն է բնութագրում օկուպացված տարածքների վերադարձ, որից հետո՝ խոսենք, այդ դեպքում մենք ասում ենք. դեմ չենք փուլայինին, որն արդեն լրիվ այլ սցենար է: Այն ենթադրում է առաջին հերթին Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչում, ԼՂՀ օկուպացված տարածքների վերադարձ, որոնք առայսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ դա Մարտունու շրջանի և Մարտակերտի շրջանի հատվածներն են, Շահումյանի շրջանը ամբողջությամբ, որից հետո Ադրբեջանը կարող է նստել ԼՂ հանրապետության հետ բանակցություններ վարել սահմանների ճշգրտման մասին: Այսինքն, բոլոր փաստաթղթերում՝ լինի Մադրիդյան սկզբունքներ, թե Կազանի փաստաթուղթ, ըստ էության դրված է փաթեթային տարբերակ, որը փորձում էր կողմերի մոտեցումները փոխզիջումների շնորհիվ, այսպես ասած, մերձեցնել»,-ասել է փոխնախարարը:

Քոչարյանը նշել է, որ Ադրբեջանը, ձևականորեն կողմ լինելով փաթեթին, ըստ էության շեշտադրում է արել միայն այն կետերի վրա, որոնք իրեն ձեռնտու են, որով և փորձում էր աղավաղել փաթեթայինը և բերել դեպի փուլային: «Դա, իմ կարծիքով, պատասխան է, որը հնչեցրեց Ադրբեջանի ԱԳ նախարարը, բայց դա նաև այլ իմաստ է պարունակում»,-հավելել է նա:

Փոխնախարարը նշել է նաև, որ վերջին օրերին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայից և վայրագություններից հետո, լիովին ակնհայտ է, որ այն, ինչ որ դրված էր այն բոլոր տարբերակների հիմքում, վերանայման կարիք ունի:

Նա հավելել է, որ այս իրավիճակը ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հրաժարվել ի սկզբանե իր կողմից որդեգրած ռազմական, ուժային քաղաքականությունից՝ հայատյացությունից: «Պարզ է նաև, որ կա 1994 թ-ի մայիսի 12-ին զինադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, ավելին, կա նույն թվականի արդեն հունիսի 27-ի պայմանագիրը, որտեղ ուղղակի նշված է, որ զինադադարը գործելու է մինչև մեծ քաղաքական պայմանագրի ստորագրումը: Եվ վերջապես, 1995 թվականի պայմանագիր՝ զինադադարի ռեժիմը ամրապնդելու մասին»,-ասել է Քոչարյանը:

«Եթե Ադրբեջանը կարող է միանգամից հրաժարվել իր միջազգային պարտավորություններից և իր ստորագրությունից, փորձում է ասել, որ դա այսօր չի գործում, պետք է արդեն հասկանանք, նաև միջնորդները պետք է հասկանան: Ենթադրենք վաղը ինչ որ համաձայնագիր ենք ստորագրում, ստորագրում է նաև Ղարաբաղը, չէ՞ որ Ադրբեջանը նույն ձևով կարող է հրաժարվել: Պետք է հստակ գիտակցել, որ գործ ունենք այնպիսի սուբյեկտի հետ, որը ցանկացած պահի կարող է հրաժարվել: Իսկ դա նշանակում է, որ առանց դա հաշվի առնելու չի կարելի առաջ գնալ»,-ասել է փոխնախարարաը; Նա հավելել է, որ հետևաբար, այն, ինչ վերաբերում է հենց կարգավիճակին, չի կարելի թողնել անորոշության մեջ:

«Իսկ տարածքների վերադարձի մասին հիմա խոսելը ես համարում եմ կոպիտ սխալ: Չի կարելի խոսել որևէ տարածքի զիջման մասին առնվազն երկու պատճառով. դրա մասին կարող է խոսել միայն Լեռնային Ղարաբաղը, և երկրորդը` այն դեպքում, երբ հակառակորդը ընդհանրապես բացառում է որևէ կարգավիճակ, խոսել զիջումների մասին անիմաստ է: Միակողմանի զիջումներ չեն լինում»,- հայտարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով միջնորդների դերակատարմանը և նրանց կողմից ոչ հասցեական մեղադրանքներ հնչեցնելու դիրքորոշմանը` փոխարտգործնախարարը նշել է, որ հայկական կողմերը միշտ հայտարարում են դրա կարևորության մասին: «Առավել ևս ապրիլյան դեպքերից հետո դրա մասին բաց հայտարարում ենք»:

Խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բլումբերգին տված հարցազրույցի և Սերժ Սարգսյանի մատնանշած երեք կարևոր սկզբունքների մասին` փոխնախարարը բնական է համարել դրանք:

«Երբ որ կրակում են, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը: Որպեսզի խոսեն բանակցային սեղանին վերադառնալու մասին, անհրաժեշտ է առնվազն՝ չկրակեն, բացառվեն հետագայում նման միջադեպերը, ժողովուրդներին պատրաստեն խաղաղության և ստեղծեն վստահության մթնոլորտ: Սրանցից հետո նոր կարելի է խոսել»,- նշել է փոխարգործնախարարը:

Պատասխանելով այն դիտարկմանը, թե շատ են դժգոհություններն արտաքին գերատեսչության վարած քաղաքականությունից, փոխարտգործնախարարը բնական է համարել, ասելով, որ ցանկացած պետական կառույց պետք է քննադատվի, որովհետև առանց քննադատության առաջ գնալ չի կարելի:

«Պարզապես քննադատությունը պետք է լինի հիմնավորված և ոչ անձնավորված»,- իր խոսքը եզրափակել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

ՀՀ կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծի եզրակացության մեջ ասված է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Նախագծի քննարկմանը հարակից զեկուցմամբ հանդես է գալու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---