«Դվին» հյուրանոցն ուղղաթիռի հարթակով բազմաֆունկցիոնալ համալիր կդառնա. Մոտ $120 մլն կներդրվի

«Դվին» հյուրանոցն ուղղաթիռի հարթակով բազմաֆունկցիոնալ համալիր կդառնա.  Մոտ $120 մլն  կներդրվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը մայիսի 5-ի նիստում կքննարկի կիպրոսյան «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիրը, որը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2019-ը:

Սի-Սի-Ջի-ն «Դվին» հյուրանոցային համալիր փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերն է:

Հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Հյուրանոցը ներառելու է նաև այլ կառույցներ, մասնավորապես՝ առանձին բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր (Apartments Plaza), «լյուքս» դասի առնվազն 60 բնակարանով: Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրի վերևի հարկում ուղղաթիռի համար հարթակ է նախատեսվում:

Լինելու է նաև մոտ 330 ստորգետնյա և առնվազն 50 վերգետնյա տեղով ավտոկայանատեղի:

Ծրագրի իրականացման արդյունքը լինելու է հյուրանոցային մի համալիր, որը կլինի Երևանում իր դասում միակը՝ 55.000 քմ ընդհանուր մակերեսով:

Համալիրը ներառելու է բարձրակարգ ռեստորաններ, ակումբներ, խանութներ, բիզնես կենտրոն և կոնֆերանս կենտրոն, ՍՊԱ սրահ, լողավազան, ֆիթնես կենտրոն, հանդիսությունների դահլիճներ և ոչ միայն: Հյուրանոցի տարածքում նախատեսվում է կառուցել բարձրակարգ (VIP) խաղատուն՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:

Ծրագրի նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտ $120.595.000:

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ծրագրի ներդրողն է Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ ընկերությունը (CCG Caucasian Communication Group Limited), իրավաբանական անձ՝ գրանցված Կիպրոսի Հանրապետության օրենսդրության համապատասխան (գրանցման հասցե՝ 15, Ագիու Պավլու փողոց, Լեդրա Հաուզ, Ագիոս Անդրեաս, Նիկոսիա, 1105, Կիպրոս (15, Agiou Pavlou str., Ledra House, Agios Andreas, 1105, Nicosia, Cyprus), գրանցման համարը՝ 229631):

Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբը նախատեսում է գրանցել Հայաստանի Հանրապետությունում առանձին դուստր ընկերություն, որը կլինի հյուրանոցային համալիրի տարածքում գործող խաղատան օպերատորը:

«Դվին» հյուրանոցային համալիրը գտնվում է Երևանի կենտրոնում: Խորհրդային տարիներին այն նախատեսվել է որպես միջին դասի հյուրանոց, սակայն շուկայական հարաբերությունների զարգացմամբ ծրագրի հայեցակարգում առաջացել է էական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---