Փելեշյանի գրքի շնորհանդեսը և ռեժիսորի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը՝ Երևանում

Փելեշյանի գրքի շնորհանդեսը և ռեժիսորի մասին պատմող   ֆիլմի ցուցադրությունը՝ Երևանում

PanARMENIAN.Net - 2016-ի մայիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանդիսությունների սրահում տեղի կունենա կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը և մաեստրոյի մասին պատմող «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմը մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայկ Օրդյանի համատեղ աշխատանքն է, որի պրեմիերան 2009-ի դեկտեմբերի 9-ին էր։ Ֆիլմը ցուցադրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում, իսկ 2010-ի մայիսին մասնակցել է Կաննի, Պրահայի «Իստ Սիլվեր» փառատոների կինոշուկաներին:

Վավերապատումում ռեժիսորի մասին տպավորություններ են հայտնում փորձառական վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր՝ Գոդֆրի Ռեջիոն, գերմանացի հայտնի կինոգետ՝ Հանս-Յոահիմ Շլեգելը, ռուսաստանյան կինոաշխարհի հեղինակություններ` Միխայիլ Շվիդկոյը, Սերգեյ Միրոշնիչենկոն, Փելեշյանի մտերիմները` նկարիչ Հակոբ Հակոբյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և պարզապես նրանք, ովքեր առնչվել են նրա ստեղծագործությանը:

Խոսելով Փելեշյանի մասին` Գոդֆրի Ռեջիոն ասում է. «Իմ կուռքը կինոյում Արտավազդ Փելեշյանն է։ Ես տեսել եմ նրա գրեթե բոլոր ֆիլմերը: Դժվար է ասել, որն է ամենալավը… Եթե ես կայծեր եմ արձակում կինոյում, ապա նա` գնդակերպ շանթեր»:

«Դրոշմման ժամանակը» երկհատորյակն ամփոփում է Փելեշյանի մասին գրված լավագույն հոդվածներն ու հոդվածագիրներին՝ անծայրածիր աշխարհագրությամբ, բազմալեզվությամբ և բազմամասնագիտությամբ:

1974-ին Փելեշյանը տպագրել է իր «Տարածական մոնտաժ», 1988 թվականին` «Իմ կինոն» գրքերը, որոնք տեսակով կինոհանրագիտարաններ են:

Գիրքը կազմման երկար ընթացք է ունեցել. ուշադրության կենտրոնում պահելու և դրա աշխատանքներին անձամբ մասնակից դառնալու համար ռեժիսորը Մոսկվայից ժամանել էԵրևան։

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938-ի փետրվարի 22 –ին Լենինականում (այժմ` Գյումրի): 1963 1967-ը սովորել է ՎԳԻԿ-ում: Դեռ ուսանողական տարիներին` 1964-ին նա Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում նկարահանեց առաջին ֆիլմը` «Լեռնային պարեկը»։

Այնուհետև «Հայֆիլմ» կինոստուդիայում և «Երևան» ստուդիայում նկարահանեց «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967), «Երկրաբնակները» (1970), «Մենք» (1969), «Տարվա եղանակները» (1975), «Մեր դարը» (1982), «Վերջ» (1992) ֆիլմերը։ 1978-ին Միխալկով-Կանչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմի վավերագրական մասը նույնպես ինքը նկարահանեց: Փելեշյանը 1974-ին հրատարակել է «Տարածական մոնտաժ» գիրքը, որը դասագիրք է դարձել բուհերի ուսանողների համար, իսկ 1988-ին ռուսերենով լույս է տեսել «Իմ կինոն»:

Միջազգային մամուլը և հանրաճանաչ գործիչները նրան համարել են մեր ժամանակների ամենատաղանդավոր կինոռեժիսորներից մեկը` գրելով «Մոնտաժի նոր սկզբունքները Փելեշյանը մշակել է Ֆրեյդի և Պավլովի հոգեբանության և Նիլս Բորի քվանտային մեխանիկայի տեսության տպավորության տակ»:

Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»: 1996-ին Փելեշյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, 2006-ին` «Փարաջանովյան Թալեր»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---