Թուրքիայի «Նոր զարթոնք» խումբը դատապարտել է Փայլանի վրա հարձակումը

Թուրքիայի «Նոր զարթոնք» խումբը դատապարտել է Փայլանի վրա հարձակումը

PanARMENIAN.Net - Թուրքիայում գործող հայկական «Նոր զարթոնք» նախաձեռնող խումբը հայտարարություն է արել` դատապարտելով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի վրա կատարված հարձակումը:

Մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև: Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա, որին օգնության են հասել այլ պատգամավորներ։

Հայտարարության մեջ ասվում է, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ), անհանգստանալով ժողովուրդների պայքարից և համերաշխությունից, այս անգամ թիրախ է ընտրել ԺՀԿ-ն ներկայացնող հայ պատգամավորին, Demokrathaber-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«ԱԶԿ-ական իշխանությունը, որ ջանում է քուրդ ժողովրդին և նրա պայքարը մեկուսացնել և դիվականացնել, այս քաղաքականություն այժմ էլ մեջլիս է տեղափոխել՝ ի ցույց դնելովիր այլատյաց էությունը»,- նշում է «Նոր զարթոնքը»՝ ընդգծելով, որ Գարո Փայլանը և ԺԴԿ-ական պատգամավորները միայնակ չեն:

Նախաձեռնող խումբը նշել է, որ իրենք հավատում են ժողովուրդների հավասարությանը, համերաշխությանը և միասնական պայքարին ու վճռական են այդ պայքարում:

Ապրիլի 22-ին Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարան էր տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները, հայտարարելով, որ մինչև 1915 թվականն Օսմանյան պառլամենտում այդ մարդկանց հետ միասին գործել են յոթ հայ պատգամավոր, որոնք սպանվել են Ցեղասպանության ժամանակ և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները:

Մարտի 6-ին Գարո Փայլանի պահանջով Թուրքիայի խորհրդարանն ընդհատել էր աշխատանքը: Ինչպես գրում է թուրքական Milliyet-ը, Փայլանը հայտարարել էր, որ սովորաբար խորհրդարանում ընդմիջում է հայտարարվում ուրբաթօրյա նամազի համար, ուստի նա պահանջել է ընդմիջում հայտարարել նաև եկեղեցու կիրակնօրյա այցելության համար: Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահն ընդունել է հայազգի պատգամավորի պահանջն ու 40 րոպեով ընդհատել է խորհրդարանի աշխատանքը` հնարավորություն տալով նրան եկեղեցի այցելել: Գարո Փայլանն, իր հերթին օգտվել է ընդմիջումից և եկեղեցի է գնացել, որը գտվում է խորհրդարանի հարևանությամբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---