Նալբանդյան. Ըստ Բաքվի՝ 1994-95-ի համաձայնագրերը կորցրել են ուժը, եռանախագահները հաստատեցին՝ անժամկետ են

Նալբանդյան.    Ըստ Բաքվի՝ 1994-95-ի համաձայնագրերը կորցրել են ուժը,  եռանախագահները հաստատեցին՝ անժամկետ են

PanARMENIAN.Net - Մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ միասին, որպեսզի վերականգնենք բանակցային մթնոլորտը: Այս մասին Պրահայում Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա պատասխանել է Պրահայում լույս տեսնող չեխահայ «Օրեր» պարբերականի լրագրողի հարցին, թե ինչու Վ4 երկրների արտաքին գործերի նախարարները քաղաքական գնահատական չեք տալիս այն հանգամանքին, որ «Ադրբեջանի զինվորները մեկ ամիս առաջ տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ ցուցադրաբար գլխատել են Լեռնային Ղարաբաղի ՊԲ զինվորի, այնուհետև գլուխը ձեռքին նկարահանվել վիդեո և տեսա խցիկների առջև: Միայն մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը բարձրագույն պարգևի է արժանացրել պատերազմի այդ հանցագործին այնպես, ինչպես ժամանակին պարգևատրել էր ադրբեջանցի մարդասպանի, ով, ինչպես գիտեք, Բաքու էր արտահանձնվել Հունգարիայից»:

«Ես համաձայն եմ, որ արդեն բանը բանից անցել է՝ մարդասպաններին Ադրբեջանի ազգային հերոսներ հռչակել: Դա արվեց Ռամիլ Սաֆարովի դեպքում և հիմա, դուք տեղյակ եք բոլոր բռնություններին, որոնք իրականացվել են Արցախի դեմ լայնածավալ, բավականին լավ ծրագրված և կազմակերպված ագրեսիվ ռազմական գործողությունների ընթացքում ԴԱԻՇ-ի ոճով: Միգուցե ոչ ԴԱԻՇ-ի ոճով, այլ՝ Բաքվի ոճով, որովհետև դրանից առաջ Սաֆարովի դեպքն էր», - ասել է Նալբանդյանը:

Նա նաև ներկայացրել է, որ վերջին ագրեսիայի ժամանակ, ադրբեջանցի դիվանագետները փորձում էին այնպես ներկայացնել իրավիճակը, թե իբր 1994, 1995-ի եռակողմ համաձայնագրերը կորցրել են իրենց ուժը: «Վերբալ նոտա է ուղարկվել Վիեննա՝ ԵԱՀԿ քարտուղարություն՝ նշելով, թե տվյալ համաձայնագրերը կորցրել են իրենց ուժը: Եռանախագահները ստիպված էին տարածել իրենց սեփական վերբալ նոտան՝ տեղեկացնելով, որ 1994 և 1995թթ. երեք համաձայնագրերը անժամկետ են, և նրանք պետք է հարգվեն և ամբողջովին կյանքի կոչվեն»:

Նալբանդյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի բացասական հետևանքներ ունենք այսօր:

«Եվ մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել եռանախագահների հետ միասին, որպեսզի վերականգնենք բանակցային մթնոլորտը և ապահովենք, երաշխավորենք, որ չի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին:

Այդ նպատակով առաջին հերթին հարկավոր է կիրառել հրադադարի խախտումների քննության մեխանիզմ ստեղծելու մասին համանախագահների առաջարկը, որը մերժվել է Ադրբեջանի կողմից և ընդունվել Հայաստանի և Արցախի կողմից: Մեկ այլ առաջարկ ևս՝ տեղում մեծացնել, ընդլայնել, ամրապնդել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունները, այլ ոչ թե սահմանափակել այդ թիմի կարողությունները, ինչին ձգտում է Ադրբեջանը», - շեշտել է ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ Հայաստանը կշարունակի ջանքեր գործադրել եռանախագահ երկրների հետ միասին՝ գտնելու հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային լուծում:

Նալբանդյանը ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպմանը Պրահայում հայտարարել է, որ չնայած Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից կնքված զինադադարի հաստատման վերաբերյալ 1994թ. և հրադադարի ամրապնդման 1995թ. եռակողմ համաձայնագրերն անվերապահ կատարելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների պարբերական կոչերին՝ Բաքուն փորձեր է կատարում կասկածի տակ դնելու այդ համաձայնագրերի վավերականությունը` ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում համապատասխան նամակներ տարածելու ճանապարհով: Այդ փորձերը ձախողվեցին Մինսկի խմբի համանախագահ երկրների արագ արձագանքի շնորհիվ, որոնք կոչ արեցին ամբողջովին հարգել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը:

«Այսօրվա հրամայականն է կանխել ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը ապագայում, երաշխավորել, որ այս խնդրին ռազմական լուծում տալու վտանգավոր փորձերն արդյունավետ կերպով կսանձահարվեն: Համանախագահների կողմից առաջադրված վստահության ամրապնդման միջոցների կյանքի կոչումը, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունների մեծացումը, անկասկած, կնպաստեն այդ նպատակի իրագործմանը։ Նման որոշակի քայլերը կարող են թույլ տալ վերականգնել բանակցային մթնոլորտը, շարունակելու խաղաղ գործընթացը»,-ասել է ԱԳ նախարարը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---