«Էյ Թի Փի»-ն Հայաստանում 5 մլն-երորդ ծառն է տնկել

«Էյ Թի Փի»-ն Հայաստանում 5 մլն-երորդ ծառն է տնկել

PanARMENIAN.Net - «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը («Հայաստան ծառատունկ ծրագիր») տնկել է Հայաստանում հինգ միլիոներորդ ծառը: 2016-ի գարնանը Հայաստանի և Արցախի 125 տեղամասում տնկվել է լրացուցիչ 68.607 ծառ, որոնք 1994-ից ի վեր տնկված ծառերի քանակը հասցրել են 5 մլն 21.249 -ի:

«Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը, երևանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը՝ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերի մասնակցությամբ, խորհրդանշական 5 միլիոներորդ ծառը տնկեցին ապրիլի 22-ին, երբ ամբողջ աշխարը տոնում էր Երկրի օրը:

«Կարինի տնկարանում դեսպան Միլսի հետ պատիվ ունեցանք տնկելու մեր 5 միլիոներորդ ծառը», նշում է «Էյ Թի Փի»-ի տնօրեն Լուսինե Քասարջյանը: «Ընտրել էինք տերևավոր արծաթափայլ կեչի՝ խորհրդանշելու և՛ այս կարևոր հանգրվանը, և՛ այն գործակցությունը, որ ձգվում է մինչև «Էյ Թի Փի»-ի առաքելության մեծագույն ջատագով Հարի Գիլմորի օրեր: Գիլմորը Հայաստանում Միացյալ Նահանգների առաջին արտակարգ և լիազոր դեսպանն էր»:

Այս գարունը ակտիվ էր նաև համայնքային ծառատունկերի տեսանկյունից: «Էյ Թի Փի»-ն Հայաստանի բոլոր մարզերի 100 տեսամասում, այդ թվում՝ Արցախի Մարտունու շրջանում, տնկել է 30.765 ծառ: Տնկված ծառերի մոտ 4000-ը «Էյ Թի Փի»-ն ձեռք էր բերել Փոքր ձեռնարկություններ խթանելու նպատակով 2004 թ.-ից մեկնարկած Տնամերձ տնկարանների ծրագրի շահառուներից։ Մի քանի հազար պտղատու ծառ էլ տրամադրվել է Սյունիքի Եղվարդ և Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կամիր Աղբյուրի գյուղերի ընտանիքներին:

«Էյ Թի Փի»-ի գարնանային ծառատունկերին միացան Այբ դպրոցի, «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «Դեպի Հայք» հիմնադրամի, «Իմփաքթ Հաբ Երևանի», «Երկիր և մշակույթ» կազմակերպության, Երևանի «Ռոտարի ակումբի», «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի և Հայաստանում Ամերիկյան համալսարանի կամավորներ:

Միայն այս գարնանը «Էյ Թի Փի»-ի անտառվերականգնման աշխատանքների համար ժամանակավոր աշխատանքով են ապահովվել 50 գյուղաբնակներ, որոնց օգնությամբ Լոռու Կողես համայնքում հիմնվող անտառում տնկվել է լրացուցիչ 37.842 ծառ: «Էյ Թի Փի»-ի կողմից ստեղծված այս անտառն արդեն ունի 90.000 ծառ:

«Էյ Թի Փի»-ի անտառագետն ու մյուս աշխատակիցները շարունակաբար տարբեր փորձարկումներ են իրականացնում՝ ծառերն առավել արդյունավետ մեթոդներով աճեցնելու և կպչողունակության մակարդակը բարձրացնելու նպատակով: Ինչպես միշտ, տնկված ծառերի մի մասն աճեցվել են «Էյ Թի Փի»-ի՝ Կարին և Խաչփար գյուղերում գտնվող տնկարաններում, իսկ մյուս մասը՝ Մարգահովտի Միրաք ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարանում: «Էյ Թի Փի»-ի Կարինի տնկարանում այժմ իրականացվում են նաև «Ամրացրու՛ արմատներդ» խորագրով հանրային այցերը, որոնք բացում են մեր տնկարանի դռները հյուրերի առջև և հորդորում միանալ «կանաչ շարժմանը»:

Կարինի հերթական «Կանաչ այցերը» նախատեսված են մայիսի 30-ին և հունիսի 5-ին: «Էյ Թի Փի»-ն ընդլայնում է նաև տնկարանային գործունեությունը՝ Չիվա գյուղում հիմնելով իր 4-րդ տնկարանը, որը նոր ծառերով կապահովի Հայաստանի հարավային տարածաշրջանները:

1994 թ.-ին հիմնադրումից մինչ օրս «Էյ Թի Փի»-ն տնկել է ավելի քան հինգ միլիոն ծառ: Հիմնադրամը Հայաստանում ծառատունկեր իրականացնող խոշորագույն հասարակական կազմակերպությունն է և գործունեության 22 տարիների ընթացքում հաջողությամբ հիմնել է 4 տնկարաններ, երկու բնապահպանական կրթության կենտրոններ և կանաչապատել է Հայաստանի և Արցախի բոլոր մարզերի 1000-ից ավելի համայնքային տեղամասեր: Այս ընթացքում, կազմակերպությունն աշխատանքով է ապահովել հարյուրավոր մարդկանց և տրամադրել է կենսական անհրաժեշտության միջոցներ հազարավոր գյուղաբնակների: Մանրամասների համար կարող եք այցելել www.armeniatree.org:

Կարդացեք նաև՝ Տնամերձ տնկարանների ծրագրով եկամտի աղբյուր է ստեղծվում Տավուշի գյուղերում. Աճեցվում է ավելի քան 3500 ծառ

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---