Հուշագիր՝ Մայքրոսոֆթի հետ. Ինվեստիցիոն ու տեխնիկական աջակցման ծրագիր կմշակվի

Հուշագիր՝ Մայքրոսոֆթի հետ. Ինվեստիցիոն ու տեխնիկական աջակցման ծրագիր կմշակվի

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Երևանում տեղի է ունեցել «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն՝ նորարարական ամպային լուծումներ փոքր և միջին բիզնեսի համար» համաժողովը (օր 2-րդ), որի ընթացքում Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն Լիանա Կորկոտյանը, Մայքրոսոֆթ կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հանրային ոլորտի աշխատանքների գծով տնօրեն Թրուդի Նորիս-Գրեյը, «ՖՐԵԴԱ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Քալանթարյանը և «Դոմ-Դենիել»-ի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել են գործակցության հուշագիր:

«Այս հուշագրի հիման վրա վեց ամսվա ընթացքում կմշակվի ինվեստիցիոն ու տեխնիկական աջակցման ծրագիր ինչպես գործող, այնպես էլ ստարտափ ընկերությունների համար»,- նշել է Մայքրոսոֆթ Հայաստան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը:

«ՖՐԵԴԱ»-ի տնօրենը նշել է, որ նախատեսում են համատեղ քննարկել, ֆինանսավորել և մշտադիտարկել նորարարական, ռիսկային ծրագրեր, ու թեև գիտեն, որ երբեմն նաև կտուժեն, բայց վստահ են, որ հաջողված ծրագրերը կփոխհատուցեն կորուստները, իսկ «Դոմ-Դենիել»-ի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հավելել է, որ «այս հուշագրի կնքումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության շրջանակներում մեր զարգացման ռազմավարության ևս մեկ քայլ է:

Այս ծրագրի շնորհիվ կմշակվեն լուծումներ բիզնեսի աջակցման, ավտոմատիզացիայի և կիբեր-ֆիզիկական համակարգերի ստեղծման համար ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաների համար»:

Հուշագրի շրջանակներում տրամադրվելիք աջակցությունը կխթանի բիզնեսի զարգացումը, ավտոմատացումն ու կիբեր-ֆիզիկական լուծումները՝ հզորացված ամպային տեխնոլոգիաներով:

Հուշագրի ստորագրումից հետո հայաստանյան ՏՏ ոլորտի 8 առաջատար ընկերություն, այդ թվում՝ LimeTech, Teamable, Smart Production (Hay Sell), Margasoft, eHealth, SoloLearn, Monitis ընկերություններն ու Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ներկայացուցիչները ներկաներին պատմեցին իրենց գործունեության ու պրոդուկտների մասին, որոնք հիմնված են ամպային լուծումների վրա:

Միջոցառման առաջին օրը կողմերը քննարկել էին փոքր ու միջին ձեռնարկությունների մրցակցության բարելավման արդյունավետության, ինչպես նաև գյուղական ՓՄՁ-ների և ՏՀՏ ընկերությունների արտահանման մրցունակության բարձրացնման գծերով հնարավոր համագործակցության տարբերակները, այս քննարկումների տրամաբանական շարունակությունը ստորագրված համագործակցության հուշագիրն է:

Համաժողովի կազմակերպիչներն են Microsoft կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը և «Դոմ-Դենիել» ընկերությունը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Համաժողովին մասնակցել է Մայքրոսոֆթ կորպորացիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների պարվիրակություն՝ հանրային ոլորտի աշխատանքների գծով տնօրեն Թրուդի Նորիս-Գրեյի գլխավորությամբ։

Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերությունը լուրջներդրումներ է կատարում տեղական ՏՏ ոլորտում, որոնցից կարևորագույներից է Մայքրոսոֆթինովացիոն կենտրոնի (www.micarmenia.am) և Մայքրոսոֆթ ՏՏ Ակադեմիայի (Microsoft IT Academy)գործունեությունը։ Զգալի ներդրումներ կատարվում են նաև կրթության ոլորտում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---