Հռոմի պապը ՀՀ այցի ընթացքում կհանդիպի սիրիահայերին

Հռոմի պապը ՀՀ այցի ընթացքում կհանդիպի սիրիահայերին

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ մայիսի 5-ին տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում լսվել է երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության ծրագրերի մասին զեկույցը, ՀՀ-ում սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ 2015 թվականին կատարված և 2016 թվականին նախատեսվող աշխատանքային ծրագրերը:

Ողջունելով ներկաներին սփյուռքի նախարարը ցավով նշել է, որ նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում տասնյակ զոհեր ենք ունեցել Սիրիայում, և ծանր կորուստներ ղարաբաղյան մարտական գործողությունների ընթացքում: Նիստը սկսելուց առաջ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում զոհված մեր հայրենակիցների հիշատակը:

Երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության ծրագրերի մասին զեկուցումով հանդես է եկել Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Նա հանգամանորեն ներկայացրել է 2012- 2016թթ. երևանաբնակ սիրիահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ 2015 թվականին կատարված և 2016 թվականին նախատեսվող աշխատանքային ծրագրերը ներկայացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլյա Նիկոյանը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ –ի սիրիահայերի աջակցության ծրագրերի ղեկավար Լուսինե Ստեփանյանը:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարարը շնորհակալություն է հայտնել սիրիահայերի հարցերով զբաղվող կազմակերպություններին, արժևորել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել արք. Մինասյանի հոգածությունը սիրիական պատերազմի առաջին օրերից մեր հայրենակիցներին պատսպարելու, նրանց ինտեգրման, սոցիալական խնդիրները կարգավորելու ուղղությամբ կատարած աշխատանքը:

Նախարարը հայտնել է, որ հունիսի 24-26-ը Հայաստանում հյուրընկալվելու է Հռոմի Պապը, նախատեսվում է նաև հանդիպում սիրիահայերի հետ և պետք է հավուր պատշաճի կազմակերպել այդ հանդիպումը:

Անդրադառնալով սիրիահայ երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու հարցերին՝ նախարարը կոչ է արել գերատեսչություններին, հասարակական և բարեգործական կազմակերպություններին քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և հնարավություններ ստեղծել երեխաներին ճամբարներում տեղավորելու համար:

Նիստի վերջում նախարարը նշել է. «ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նյու Յորքում հանդիպումներ եմ ունեցել փախստականների և միգրանտների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի տեղակալ Ֆ. Հոչիլդի և ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի Նյու Յորքի գրասենյակի տնօրեն Ն. Քելիի հետ, և պետք է ձեզ փոխանցեմ նրանց գոհունակությունը Հայաստա նում սիրիահայերի խնդիրերի լուծման ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ: Հայաստանը համարվում է փախստականներ ընդունող երկրի լավագույն օրինակ: Հայաստանը որպես դրական օրինակ ներկայացվելու է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նիստում: Մենք պետք է շարունակենք նույն ձևաչափով առավել արդյունավետ աշխատել:

Սիրիահայերը դարձել են մեր հասարակության լիիրավ անդամ և պետք նրանց ուժերը, գիտելիքները, հմտություններն օգտագործենք Հայաստանի զարգացման, սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու գործում», հայտնում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը, ընդունելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ իշխանությունների և Կաթոլիկ եկեղեցու հրավերը, 2016 թ. հունիսի 24-ից 26-ը կայցելի Հայաստան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---