Նախարարությունը՝ տոլման ադրբեջանական դարձնելու փորձի մասին. ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքական պայքարի թատերաբեմ չէ

Նախարարությունը՝ տոլման ադրբեջանական դարձնելու փորձի մասին. ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքական պայքարի թատերաբեմ չէ

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունն Ադրբեջանի կողմից տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ում որպես սեփական ուտեստ ներկայացնելու փորձերի վերաբերյալ հետևյալ հայտարարությունն է արել.

«Մեր հարևան պետությունը հերթական անգամ փորձում է քաղաքականացնել և հակամարտությունների թատերաբեմ դարձնել ոչ միայն մշակույթը, այլ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ մի կառույց, որի առաքելությունը ազգերին միավորելն ու համախմբելն է: Ադրբեջանի պաշտոնյաների` անառողջ մրցակցության մեջ մտնելու փորձերը չեն նպաստում ժողովուրդների միջմշակութային երկխոսությանը` սրելով առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում: Հայ ժողովուրդն ստեղծել է հարուստ մշակույթ իր ուրույն դրևորումներով` այն հարստացնելով հարևան երկրների մշակույթներով և ինքն էլ հարստացնելով այլոց, բայց երբեք ոտնձգություն չկատարելով որևէ մշակույթի նկատմամբ:

Իսկ ահա հարյուր տարուց պակաս պատմություն ունեցող հարևան պետությունը փորձում է իրեն վերագրել բազմադարյա մշակույթ ունեցող ժողովուրդների ավանդույթները, պատմությունը, մշակութային ժառանգությունն ու ձեռքբերումները: Դա վերաբերում է նաև միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի կողմից որդեգրած քաղաքականությանը և ձեռնարկված քայլերին»:

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով ներկայացված հայտերի հաստատումից հետո Ադրբեջանը հանդես է գալիս «պատասխան» քայլերով:

«Այսպես. մենք ներկայացրեցինք լավաշը, իսկ իրենք հանկարծ «բացահայտեցին», որ լավաշն իրենց ազգային հացն է, և երկու տարի անց ներկայացրեցին սեփական հայտը: Նույնը կատարվեց քոչարի պարի հետ: Եվ, ընդհանրապես, յուրաքանչյուր տարրի մեջ նրանք փնտրում են սեփական «ծագումն ու ինքնությունը»՝ վերածելով վիճաբանության:

Հայ ժողովուրդն այս հարցում ունի իր հիմնավոր նկատառումները, դիտարկումներն ու պատմական փաստերը: Բայց մենք ամենևին մտադրություն չունենք քննարկումներ ու վեճեր ծավալել հարևան ժողովուրդների արժեքների հաշվին ինքնահաստատման նպատակ հետապնդող մի գործընթացի շուրջ, որն իր տեսակով ոչ նոր է, ոչ էլ արդյունավետ: Այժմ Բաքվի իշխանությունները հերթական անհիմն և անհեթեթ քայլն են կատարում` փորձելով տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթները ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում` իբրև «ամբողջ թյուրքական աշխարհին» պատկանող տարր»:

Նախարարությունը հիշեցնում է, որ «թյուրքեր» տերմինը ներկայացնում է մեծ էթնոլեզվային խումբ, որի մեջ են ղազախները, թաթարները, ղրղզները, թուրքերը, թուրքմենները, ուզբեկները, ույղուրները և այլ ազգեր։

«Եթե անգամ տոլման տարածված լինի այս բոլոր ազգերի շրջանում, չպետք է մոռանալ նաև արաբական, բալկանյան, սլավոնական աշխարհը, և, ի վերջո, հայկական ավանդույթները»:

Նշվում է, որ հնագույն մշակույթ, եզակի այբուբեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկված հազարամյակների պատմություն ունեցող հայկական էպոս, խաչքար ու դուդուկ, և ընդհանրապես՝ հսկայական մշակութային ժառանգություն ունեցող և անտիկ ժամանակներից ամենատարբեր գրավոր աղբյուրներում հիշատակվող մեր երկիրն ու ժողովուրդը չեն կարող ներքաշվել կերակրատեսակի շուրջ ադրբեջանական կողմի հրահրած բանավեճի մեջ:

«Մեր հարևան պետությունն այսօր քաղաքականացնում և վեճի առարկա է դարձնում գրեթե ամեն ինչ, չգիտակցելով, որ մշակույթն առհասարակ ստեղծվում ու զարգանում է հանուն քաղաքակրթության և խաղաղության: Իսկ խաղաղությունը մարդկության ամենաթանկ արժեքն է»:

Մայիսի 4-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարությունը փասռաթղթեր է պատրաստում տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ում որպես սեփական ուտեստ ներկայացնելու համար:

Հանրահայտ սննդի պատմաբան Վիլյամ Պոխլյոբկինի կարծիքով, տոլման առաջացել է Հայաստանում: Նա նշում է, որ երբ Հայաստանի բաժանումը Թուրքիայի ու Իրանի միջև հանգեցրեց նյութական ռեսուրսների, սակայն ոչ մշակույթի, այդ թվում՝ խոհանոցի անկմանը: «Ընդհակառակը, հայերը ներդրում ունեցան սելջուկների խոհանոցում, ինչի հեըևանքով բազմաթիվ հայկական ուտեստներ, ինչպիսին է, օրինակ, տոլման, Եվրոպայում հայտնի դարձան թուրքերի միջոցով» , - նշում է նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---