Գերմանացի բժիշկներ. Վիրավոր զինվորներին տեղափոխելու անհրաժեշտություն չկա, բուժումը տեղում լիարժեք է

Գերմանացի բժիշկներ. Վիրավոր զինվորներին տեղափոխելու անհրաժեշտություն չկա, բուժումը տեղում լիարժեք է

PanARMENIAN.Net - Գերմանիայից Հայաստան ժամանած բժիշկները մայիսի 6-ին եղել են ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում, որտեղ իրենց մանրասմասներ են ներկայացրել զինծառայողների բուժման հետ կապված:

Վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասներին ծանոթանալու, բուժման հետագա ռազմավարությունը քննարկելու, խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան են ժամանել Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագատներ:

«Մինչ այժմ բոլոր բուժաշխատանքները կատարվել են նորմալ, և ես որպես վիրաբույժ նույնը կանեի Գերմանիայում, ինչ որ արել են հայ բժիշկներն այստեղ»,- լրագրողներին ասել է վիրաբույժ Մարտին Շվարցը, գրում է Panorama.am-ը:

Մասնագետները մայիսի 5-ին այցելել էին նաև ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ և «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Ներկա պահին կարող ենք ասել, որ ամենածանր դեպքերը Էրեբունի հիվանդանոցում են: Հասկանալի է ծնողների անհանգստությունը, բայց վստահեցնում ենք՝ ամեն ինչ արվում է լավագույն ձևով: Այս պահի դրությամբ հնարավոր չէ ասել, թե ինչ կլինի հետո, բայց վիրավորների մոտ դրական դինամիկա կա»,- նշել է Շվարցը:

Նա նաև տեղեկացրել է, որ այս պահի համար դեռ որևէ մեկին տեղափոխելու անհրաժեշտություն չկա, իսկ հետագայում կապի մեջ կլինեն հայ մասնագետների հետ և համատեղ որոշումներ կկայացնեն:

Լրագրողների հարցին թե ինչպես կգնահատեն հայ մասնագետների աշխատանքն ու Հայաստանի բուժհիմնարկների հնարավորությունները վնասվածքաբան-օրթոպեդ Քրիստիան Յաշկեն պատասխանել է. «Մի թերագնահատեք ձեր մասնագետներին, նրանք լավագույն ձևով են կատարում իրենց աշխատանքը»:

Ինչ վերաբերում է բուժհիմնարկների հնարավորություններին գերմանացի վնասվածքաբան-օրթոպեդն ասել է, որ ծանոթացել են և կարող են փաստել, որ տեխնիկակական հագեցվածություն կա՝ տվյալ պարագայում բուժումը լիարժեք կազմակերպելու համար. «Հավանաբար ոչ բոլոր գործիքներն են նույնը ինչ կա Գերմանիայում, բայց այս դեպքերի համար դրանք բավարար են»:

Գերմանացի բժիշկները նաև հայտնել են, որ նախատեսվում է գերմանացի ռեաբիտոլոգների այց Երևան, որոնք կաջակցեն վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժմանը:

Մայիսի 4-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող, ծանր վիրավորում ստացած 19-ամյա երկու զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասները քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են նաև զինծառայողների ծնողները:

Խորհրդակցությանը` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, որը ևս պատրաստակամություն հայտնեց արտերկիր տեղափոխվելու դեպքում աջակցել տղաների բուժօգնության կազմակերպման գործին:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում Ադրբեջանի քառօրյա ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է մոտ 122 վիրավոր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---