Բակո Սահակյան. Խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց չենք հանդուրժի Արցախի անվտանգության դեմ ուղղված որևէ փորձ

Բակո Սահակյան. Խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց չենք հանդուրժի Արցախի անվտանգության դեմ ուղղված որևէ փորձ

PanARMENIAN.Net - Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն է եղել, որտեղ նաև ելույթ է ունեցել նախագահ Բակո Սահակյանը:

Նա նշել է, որ Ադրբեջանը, ապրիլի սկզբին շփման գծում լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկելով, հերթական անգամ փորձեց պատերազմի միջոցով իրականացնել իր ահաբեկչական ու հանցավոր ծրագրերը մեր ժողովրդի և պետության դեմ:

«Միայն մեր Պաշտպանության բանակի հզորության և ուժի, մեր զինվորների անօրինակ սխրանքի ու անկոտրում ոգու շնորհիվ հնարավոր եղավ արժանի հակահարված տալ սանձարձակ թշնամուն, որը, կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ, պարտադրված եղավ հրադադար խնդրել:

Այսօր մենք բոլորս լի ենք հպարտության զգացումով մեր երիտասարդ սերնդի համար, որը ծնվել ու մեծացել է հայկական երկու հանրապետության անկախության տարիներին: Նրանք արժանիորեն շարունակում են իրենց հերոս պապերի ու հայրերի գործը՝ հայրենիքի համար ճակատագրական պահին կանգնելով նրա պաշտպանության դիրքերում»,- նշել է Սահակյանը:

Բակո Սահակյանը նշել է, որ հակառակորդի հիմնական հարվածն ընդունել են այն երիտասարդները, ովքեր կանգնած են եղել առաջնագծում:

«Նրանց և նրանց օգնության հասած բազմաթիվ ազատամարտիկների ու կամավորականների հերոսության ու խիզախության շնորհիվ հակառակորդը հետ շպրտվեց: Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ազնվորեն կատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ:

Ցավոք, այդ օրերին ունեցանք անդառնալի կորուստներ, մարտիրոսվեցին տասնյակ քաջ հայորդիներ: Ունեցանք զոհեր նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: Նրանց անմահ անունները միշտ վառ կմնան մեր սրտերում:

Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց երբեք չենք հանդուրժի մեր պետության անվտանգության դեմ ուղղված որևէ փորձ և արժանի հակահարված կհասցնենք հակառակորդի բոլոր ոտնձգություններին»:

Եզրափակելով, նախագահ Սահակյանը նշել է, որ ապրիլյան պատերազմի օրերին ամբողջ հայ ժողովուրդը նորից ոտքի ելավ` ցուցաբերելով աննախադեպ միասնականություն, ծանր պահերին համախմբվելու բացառիկ ունակություն, վտանգի մեջ հայտնված հայրենակիցներին ըստ ամենայնի օգնելու և աջակցելու, նրանց կողքին լինելու անգնահատելի պատրաստակամություն:

ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների և կամավորների պետական բարձր պարգևներ են հանձնվել:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերում հայկական կողմն ունեցել է 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող՝ վիրավորվել: Ապրիլի լույս 27-ի գիշերը վիրավորվել է 3 զինծառայող:

Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։

Եվս 1 զինծառայող պարգևատրվել էՀայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 44 հոգի, որից 4-ը՝ հետմահու, «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 241 հոգի, որից 11-ը` հետմահու:

Շուշիի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել է 16 մարդ, որից 2-ը` հետմահու: ԼՂՀ մատուցած ծառայությունների համար մեկ ազատամարտիկ պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---