Պանամական օֆշորներում ՀՀ 37 քաղաքացու անուն կա

Պանամական օֆշորներում ՀՀ 37 քաղաքացու անուն կա

PanARMENIAN.Net - Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը հրապարակել է «Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալների որոնելի բազա, որը պարունակում է ավելի քան 320.000 անձանց և օֆշորային ընկերությունների տվյալներ, ընդհանուր առմամբ՝ 11.5 մլն փաստաթուղթ:

Բազան ամբողջությամբ հասանելի է offshoreleaks.icij.org կայքէջում:

Նոր հրապարակված տվյալները պարունակում են Հայաստանի Հանրապետության 37 քաղաքացու անուն, հարևան Ադրբեջանից այստեղ կա 127, իսկ Վրաստանից՝ 82 քաղաքացու անուն: Ռուսաստանն այս բացասական մրցույթի առաջնորդների թվում է: «Պանամական փաստաթղթերը» պարունակում են ավելի քան 6.200 ռուսաստանցու անուն, այդ թվում՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած միլիարդատերերի ու երաժիշտների անուններ:

«Մեր տվյալներով, միայն զարգացող երկրներից յուրաքանչյուր տարի ապօրինի դուրս է բերվում մեկ տրիլիոն դոլար: Դա ավելի է, քան այդ երկրների կողմից ստացվող միջազգային օգնությունն ու արտասահմանյան ներդրումները», - ասում է «Գլոբալ ֆինանսական ազնվություն» հաստատության գործադիր տնօրեն Թոմ Քարդամոնը, հաղորդում է Ամերիկայի Ձայնը:

«Պանամական փաստաթղթերը», որոնք բացահայտել են ավելի քան 140 քաղաքական գործիչների, միլիարդատերերի, քրեական հեղինակությունների և թմրանյութերի խոշոր վաճառքով զբաղվող հանցագործների անուններ, արդեն իսկ լուրջ բողոքներ և քննադատություն է առաջ բերել Իսլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Պակիստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում և Ռուսաստանում: Համաշխարհային Բանկի գործադիր տնօրեն Սրի Մուլյանիի խոսքով, քննադատության հիմնական պատճառը օֆշորային հաշիվների փակ բնույթն է.

«Երբ քաղաքացիները տեսնում են, որ իրենց առաջնորդներից կամ մեծահարուստներից ոմանք հաշիվներ են պահում դրսում, հարց են տալիս, թե ի՞նչն է դրա պատճառը, և ակնկալում են իրոք կարևոր պատճառաբանություն ստանալ»:

Ընկերակցության մանրազնին աշխատանքի լավագույն ապացույցն է դատական հայցերի բացակայությունը, պատմում են ընկերակցության ներկայացուցիչները, ավելացնելով, որ որոշ դեպքերում հրաժարվում են բացահայտել նյութերի վրա աշխատած լրագրողների անունները, քանի որ, օրինակ, Ադրբեջանում լրագրող Հադիջա Իսմայիլովան ձերբակալվել էր ավելի վաղ, հենց Իլհամ Ալիևի ունեցվածքի մասին հաղորդելուց հետո:

Մայիսի 3-ին ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայում օֆշորային գործարքների հետ կապված նյութերով քրեական գործ է հարուցվել։ Քրգործը հարուցվել է ՀՀ Քրեական օերնսգրքի 310 հոդվածի հատկանիշներով` «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ»:

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 18-ին: Հրաժարականը հետևեց Պանամայից օֆշորային ընկերությունների սեփականատերերի վերաբերյալ մասշտաբային արտահոսքին ու օֆշորային գոտում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ընկերություններ հայտնաբերելուն: Ինքը Պողոսյանը հայտարարել է, թե ցավում է, որ իր անունն արծարծվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին, անընդունելի եմ համարում, որ իր անձը պատճառ դառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ հրաժարական է ներկայացրել:

Ապրիլի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Արմեն Հարությունյանին: Հարությունյանն զբաղեցնում էր նախագահի ռեֆերենտի պաշտոնը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---