«Ես Կարոն եմ». Երիտասարդները ՄԱԿ-ից կպահանջեն ապահովել Թուրքիայի հայազգի պատգամավորի անվտանգությունը

«Ես Կարոն եմ». Երիտասարդները ՄԱԿ-ից կպահանջեն ապահովել Թուրքիայի հայազգի պատգամավորի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին երիտասարդները ակցիա են կազմակերպում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց` սատարելով Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին և կոչ անելով ապահովել նրա անվտանգությունը:

Facebook սոցիալական ցանցում «Ես Կարոն եմ» խորագրով երթի անցկացման իրադարձություն է բացվել: Գրառման մեջ, մասնավորապես, նշվում է. «Այս տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր ելույթում հարգեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության զոհերի հիշտակը: Այդ ելույթից հետո, խորհրդարանական քննարկման ժամանակ, նա ուղղորդված ու նախապես մշակված հարձակման ենթարկվեց»:

«Նրա հասցեին հնչեցին նաև հայ լինելու վերաբերյալ հայհոյանքներ ու ռասիստական այլ արտահայտություններ: Թուրքական սոցցանցերում արդեն կոչեր են հնչում Կարո Փայլանին Հրանտ Դինքի պես սպանելու մասին: Կարո Փայլանի կյանքին վտանգ է սպառնում: Մենք մեր նախաձեռնությամբ ուզում ենք մեր աջակցությունը հայտնել հայազգի պատգամավորին, ով, իր կյանքը վտանգի տակ դնելով, Թուրքիայում խոսում է հայերի ցեղասպանության, հայապահպանության մասին: Մենք Կարոյի հետ ենք և հետևողական կլինենք, որ նրա կյանքին վտանգ չսպառնա: Այդ իսկ պատճառով դիմելու ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ՝ պահանջելով սթափության կոչ անել Թուրքիային, որ կատարի իր ստանձնած պարտավորությունները:

Կարճատև ցույցից հետո նամակ ենք հանձնելու. ՄԱԿ-ին պետք է հիշեցնել իր իսկ առաքելության մասին ու ստիպել, որ իր անդամ պետություններն էլ ընդունեն ու իրականացնեն իր կողմից պարտադիր պայմանները»:

Ակցիան կմեկնարկի մայիսի 11-ին` ժամը 13:30-ին, Հանրապետության Հրապարակի «Հայփոստ»-ի դիմացից խումբը կշարժվի դեպի ՄԱԿ-ի գրասենյակ,-ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև: Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա, որին օգնության են հասել այլ պատգամավորներ։

Փայլանն ասել է , որ իր՝ հարձակման ենթարկվելու պատճառներից մեկը հայ լինելն է. «Այնտեղ հնչած ատելությամբ լի արտահայտությունները վերաբերվում էին իմ ազգային պատկանելությանը։ Նրանք չկարողացան մարսել, որ ոմն հայ շիտակ կանգնում և բացահայտում է իրենց ստերը: Նրանք ուզում են իրենց դիմաց տեսնել ենթարկվող հայի»։

Մայիսի 4-ին Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դատապարտել թուրքական հարձակումները քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---