Աշխարհազորայինների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ կսահմանվեն

Աշխարհազորայինների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ կսահմանվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում է նախատեսել, որը պայմանավորված է 2016-ի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից 1994-ի զինադադարի համաձայնագրի խախտմամբ, հայտնում է Tert.am-ը:

Նախագծով, կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային) համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ կսահմանվեն: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխարհազորայինների համար կսահմանվի աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում:

Նախագծով նաև նախատեսվում է առաջարկվող իրավական կարգավորումներին տալ հետադարձ ուժ՝ դրանք տարածելով 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Նախագիծն ընդունվելուց հետո սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:

Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ նախագծով ակնկալվում է աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովում՝ 2016 թվականի ապրիլի 1-ից հետո կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում այդ աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքների (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում) սահմանմամբ:

«Նախագիծը կապահովի կամավորների աշխատատեղերի պահպանումն ու փոխհամաձայնությամբ վարձատրության ապահովումը»,-հայտարարել է Արտեմ Ասատրյանը, հայտնում է Tert.am-ը:

Ավելի վաղ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել էր, որ առաջնագիծ մեկնած կամավորի համար աշխատանքային երաշխիքներ սահմանելու աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում:

Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---