Խնայողության խիստ ռեժիմ. Գործադիրը կկրճատի աշխատակազմը, գործուղումների և մեքենաների ծախսերը

Խնայողության խիստ ռեժիմ. Գործադիրը կկրճատի աշխատակազմը, գործուղումների և մեքենաների ծախսերը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում:

«Քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը և մեկ անգամ ևս անդրադառնալ նախագահի փետրվարի 12-ի ելույթին: Արդյո՞ք մենք զարգանում ենք, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ: Պատասխանը` այո: Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ` ոչ:

Մենք պատրաստվում ենք նախաձեռնել քննարկումների շարք՝ ներգրավելով պատգամավորների, այդ թվում՝ ընդդիմադիր թևից, ինչպես նաև հասարակության այլ կարող ուժերի:

Մայիսի 14-ից մենք սկսում ենք պարբերական շաբաթական քննարկումներ», - հայտնել է Աբրահամյանը:

Նրա խոսքով, քննարկումներն, անշուշտ, ինքնանպատակ չեն: Յուրաքանչյուր քննարկման արդյունք կարճ ժամկետում վերածվելու է կոնկրետ գործողությունների, կառավարության որոշումների կամ օրենսդրական նախաձեռնությունների: Սակայն մինչև նշված քննարկումների մեկնարկը արդեն իսկ վեր են հանվել մի շարք տեսանելի խնդիրներ և մշակվել դրանց լուծման ուղիները, որոնց վերաբերյալ ցանկանում եմ այսօր հնչեցնել որոշ մոտեցումներ:

«Առաջինը. Թեև մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ:

Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն», - նշել է վարչապետը: Այս կապակցությամբ նա հանձնարարել է ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը:

«Երկրորդ. Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Դա, իհարկե, մեկ օրվա խնդիր չէ, սակայն մենք օպտիմալացման նպատակով պետք է մինչև 2017-իբյուջետային քննարկումների մեկնարկը ունենանք մանրամասն վերլուծություն: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաև տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների: Որպեսզի այդ աշխատանքները կրեն համատարած և համակարգված բնույթ, առաջարկում եմ փոխվարչապետին ներկայացնել վարչապետի որոշման նախագիծ՝ իր ղեկավարությամբ համապատասխան աշխատանքային խումբ ձևավորելու մասին», - ասել է Աբրահամյանը:

Նա շեշտել է ամբողջությամբ գիտակցում է այն հանգամանքը, որ իմ հնչեցրած առնվազն այս երկու մոտեցումների արդյունքում կարող է առաջանալ որոշակի սոցիալական լարվածություն՝ պայմանավորված պետական համակարգում աշխատատեղերի կրճատմամբ: «Բայց լինենք անկեղծ, երկար տարիներ մենք նման քայլերի չէինք գնում հենց սոցիալական լարվածություն չստեղծելու պատճառով: Բայց այսօր Արցախի և Մայր հայրենիքի առջև ծառացած անվտանգության խնդիրներն այլ են: Ստեղծված իրավիճակն, իսկապես, ոչ ստանդարտ է, և մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլեր կատարելուց ու որոշումներ կայացնելուց»:

Աբրահամյանի խոսքով, երրորդ ուղղությունը, որտեղ տեսնում է հնարավորություն արագ շոշափելի արդյունքներ գրանցելու համար` կոռուպցիայի դեմ պայքարն է: «Նախևառաջ, մենք պետք է սահմանենք երկու կարևոր սկզբունք: Առաջինը` կոռուպցիոն երևույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները և թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետևություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում:

Երկրորդ սկզբունքը վերաբերում է շահերի բախման երևույթին: Համարում եմ, որ մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին և պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»:

Աբրահամյանը նկատել է, որ հնչեցված բոլոր լուծումները արդյունավետ չեն լինի, եթե երկրում չկարողանան ապահովել կայուն և երկարատև տնտեսական աճ: Այն պետք է բերի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը, ստեղծի նոր աշխատատեղեր և մեղմի սոցիալական լարվածությունը:

Այս համատեքստում վարչապետը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին և տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, ամենասեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը:

Իսկ նոր վերակազմավորված Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարվել է՝ շարունակել ակտիվ և հետևողական աշխատանքներ իրականացնել՝ ուղղված բյուջեի հարկային եկամուտների ապահովմանը, ՓՄՁ-ների նկատմամբ մեղմ վարչարարության իրականացմանը, մաքսային և հարկային ոլորտներում ռիսկերի արդյունավետ կառավարմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունեության անհարկի միջամտության երևույթների վերացմանը, տնտեսվարման հավասար պայմանների ապահովմանը:

Եզրափակելով ելույթը վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը ունի բավական քաղաքական կամք՝ կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ քայլերը: Այսուհետ պարբերաբար խոսվելու է կատարված քայլերի մասին և գնահատելու են միայն դրանց շատ կոնկրետ արդյունքները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---