Թոմաս դե Վաալ. Ադրբեջանը փորձեց ստուգել հայերի մարտունակությունը և ստիպել բանակցել ավելի թույլ դիրքերից

Թոմաս դե Վաալ. Ադրբեջանը փորձեց ստուգել հայերի մարտունակությունը և ստիպել բանակցել ավելի թույլ դիրքերից

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին հրադադարի խախտման ամենահավանական պատճառն այն է, որ Ադրբեջանը ցանկացավ ստուգել հայերի մարտունակությունը և ըստ այդմ նրանց ստիպել բանակցել ավելի թույլ դիրքերից: Այս մասին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն իր անդարադարձում «Politico Europe» պարբերականում գրել է Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը, հայտնում է Panorama.am-ը:

Վերջինիս դիտարկմամբ, ղարաբաղյան հակամարտության շուրջ այժմ Հայաստանն ու Ադրբեջանը երկու կամ երեք քայլ են հեռու Բոսնիական ոճով հակամարտության բռնկումից, որը կարող է վնասակար լինել ավելի լայն տարածաշրջանի համար:

«1994 թվականին կնքված հրադադարը պետք է լիներ խաղաղության համաձայնագրի նախերգանքը, բայց այն այդեպես էլ իրականություն չդարձավ: Հրադադարը լարված իրավիճակում էր վերջին մի քանի տարիներին: Ադրբեջանը այդ ընթացքում կառուցեց ծանր զինտեխնիկայի իր արսենալը, իսկ ռազմական հռետորաբանությունն էլ ավելի սրվեց, քան 1990-ականներին:

Վերջնականապես հրադադարը խախտվեց ապրիլի 2-ին: Ամենահավանական պատճառներից կարող է լինել այն, որ Ադրբեջանը ցանկացավ ստուգել հայերի մարտունակությունը և ըստ այդմ նրանց ստիպել բանակցել ավելի թույլ դիրքերից: Բայց մարդկային գինն ավելի թանկ արժեցավ՝ մոտ 200 հոգի»,- գրել է փորձագետը:

Վերջինիս կարծիքով ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր հրադադարի ռեժիմը չափազանց փխրուն է և ամեն պահի կողմերը կարող են ներքաշվել ավելի լայնամասշտաբ պատերազմի մեջ, քան 1991-1994 թվականներին էր:

Վաալի կարծիքով Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգային մեծ վակուում է առաջացել, որը կարելի է լցնել միայն խաղաղության հաստատման համար բանակցություններով, հակառակ դեպքում վտանգ է ստեղծվում ողջ տարածաշրջանի համար: Ըստ Վաալի, իր մտահոգությունների մասին է հայտնում նաև Վրաստանը, որտեղ ապրում են մեծ թվով հայկական և ադրբեջանական համայնքներ, իսկ մյուս կողմից էլ կա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հանգամանքը կա:

Փորձագետի գնահատմամբ, ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված հրադադարի բանավոր համաձայնությունից բացի մինչ այս պահը Ռուսաստանը քիչ բան է արել հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար:

«Այս հավասարակշռող խաղը նշանակում է, որ Ռուսաստանը անկարող է Ղարաբաղի շուրջ օրակարգ ձևավորել: Հետևաբար տարածված կարծիքն առ այն, որ եթե իրերի դրությունը ավելի վատանա, «Ռուսաստանը կկարգավորի այն», տեղին չէ: Սա նաև մարտահրավեր է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար, որոնցից և ոչ մեկը բավարար ջանքեր չի գործադրել հավասարակշռված միջազգային ծրագիր առաջարկելու համար», - եզրափակում է դե Վաալը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Հայկական կողմն ունեցել է 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 125 զինծառայող վիրավորվել է: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---