Ուկրաինայից Ջամալան՝ «Եվրատեսիլ-2016»-ի հաղթող. Իվետա Մուկուչյանը 7-րդն է (վիդեո)

Ուկրաինայից Ջամալան՝ «Եվրատեսիլ-2016»-ի հաղթող. Իվետա Մուկուչյանը 7-րդն է

PanARMENIAN.Net - Ստոկհոլմում մայիսի 14-ին կայացած «Եվրատեսիլ-2016» եզրափակչում երգի մրցույթի հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան: Երկիրը ներկայացել էր «1944» երգով:

Երկրորդ տեղում է Ավստրալիայի ներկայացուցիչ Դամի Իմն իր Sound Of Silence երգով, երրորդ՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն իր You Are The Only One-ով: Այսպիսով, 2017-ին մրցույթը կանցկացվի Ուկրաինայում:

Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Այս տարի քվեարկության արդյունքները հայտարարեցին երկու փուլով. նախ, հայտարարվեցին ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն Հայաստանը հավաքեց 115 միավոր: Քվեարկության արդյունքով առաջատարն Ավստրալիայի ներկայացուցիչն էր: Երկրորդ տեղը ժյուրիի քվեարկության արդյունքով զբաղեցնում էր Ուկրաինան, երրորդ՝ Ֆրանսիան, չորրորդ՝ Մալթան, և 5-րդ՝ Ռուսաստանը:

Հաջորդիվ հայտարարվեցին հեռուստադիտողների քվեարկության արդյունքները, որոնց համաձայն Հայաստանը հավաքեց 134 միավոր՝ ընդհանուր արդյունքով զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

LoveWave-ի երաժշտության հեղինակներն են Լիլիթ և Լևոն Նավասարդյանները, իսկ բառերը հեղինակել են Իվետա Մուկուչյանն ու Ստեֆանի Կրաֆչֆիլդը: Եզրափակչին մասնակցում էր 26 երկիր:

Հայաստանը Եվրատեսիլին մասնակցելու մասին հայտարարեց 2005-ին, սակայն ավելի ուշ հետ կանչեց հայտը: 2004 թ. ապրիլի 14-ից Հայաստանը պաշտոնապես հանդիսանում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ: Առաջին անգամ մասնակցել է մրցույթին 2006 թ., առաջին ներկայացուցիչը եղել է Անդրեն «Without Your Love» երգով։ Երգը հասավ եզրափակիչ, 2006թ. մայիսի 20-ին զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը՝ նշանավորելով Հայաստանի հաջող մեկնարկը։ Առաջին անգամ Հայաստանին չհաջողվեց դուրս գալ Եվրատեսիլի եզրափակիչ 2011 թ.` Հայաստանը ներկայացնող Էմմիին մեկ միավոր պակասեց եզրափակչում հայտնվելու համար:

2012-ի մարտի 7-ին Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք երգի մրցույթին անվտանգության նկատառումներից ելնելով։Մեկ տարվա բացակայությունից հետո Հայաստանը վերադարձավ 2013 թվականի մրցույթին, որը տեղի ոնեցավ Մալմյոում։

2014-ին Հայաստանը կրկին հայտնվեց լավագույն 10-յակում Արամ Mp3ի Not Alone երգով։ Երգը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով Հայաստանի լավագույն արդյունքը, որը սահմանել էր Սիրուշոն «Քելե Քելե» երգով 2008-ին։ 2015-ին մեր երկիրը ներկայացնում էր Genealogy խումբը, որը զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---