Լեհաստանը պատրաստ է ներդրումներ կատարել ՀՀ վերականգնվող էներգետիկայի ոլորտում

Լեհաստանը պատրաստ է ներդրումներ կատարել ՀՀ վերականգնվող էներգետիկայի ոլորտում

PanARMENIAN.Net - Լեհաստանը պատրաստ է ներդրումներ կատարել ՀՀ վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Լեհաստանը շահագրգռված է ներդրումներ կատարել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում, մասնավորապես արևի և քամու էներգիայի օգտագործման մեջ: Վերջին շրջանում այդ էներգիայի արտադրության ծախսերը զգալիորեն նվազել են: Այդպիսով, ներդրումներն այդ ոլորտում շահութաբեր են դառնում»,-ասել է Հարությունյանը:

Ըստ նրա, ՀՀ ռեսուրսները արևի և քամու էներգիայի օգտագործման ոլորոտւմ մեծ են: Լեհական ընկերությունը, որի անվանումը, սակայն, փոխնախարարը չի նշել, արդեն գրեթե 2 տարի է չափումներ է իրականացնում գնահատելու համար հողմային էներգետիկայի ռեսուրսների պաշարները Սիսիանում:

«Նրանք համոզվեցին, որ ռեսուրսները բավարար են և որոշում են կայացրել սկսել շինարարությունը: Նոր հողմաէլեկտրակայանը կարող է շահագործման հանձնվել 2-3 տարվա ընթացքում, ընդ որում, պետությունը ֆինանսական մասնակցություն նախագծին չի ունենա»,-ասել է Հարությունյանը:

Ըստ «Մաքուր էներգիա» կազմակերպության գնահատականի, քամու էներգիայի պոտենցիալը Հայաստանում կազմում է մոտ 10 000 ՄՎտ, ինչը 10 անգամ գերազանցում է ԱԷԿ-ում արտադրվող էներգիայի ծավալը: 1999-2002 թթ. 5 կայան տեղադրվեց Պուշկինի, Սելիմի, Քարաղաչի լեռնանցքերում, Արդանի ավանում և Արփի լճի մոտ: Ամենանշանակալի նախագիծն այդ ոլորտում Հարավային Կովկասում միակ «Լոռի-1» հողմակայանն է Բազումի լեռնաշղթայում, որի հզորությունը 2,64 մՎՏ է:

Հարությունյանը նշել է, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությամբ հետաքրքվում են նաև ընկերություններ Իտալիայից, Իսպանիայից և Չինաստանից:

Կառավարությունը ընդունել է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ազգային ծրագիրը 2007 թվականին: ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի հիմնական խնդիրն է նախանշել Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրային նպատակները և որոշել դրանց հասնելու ուղիները: Այսօրվա դրությամբ էներգիայի այլընտրանքային աղբյուրներն ապահովում են ստացվող էլեկտրաէներգիայի միայն 20 տոկոսը:

Վերջերս, համատեղ հայ-ամերիկյան «Զոդ-Ուինդ» ընկերությունն ավարտել է մոնիտորինգը Գեղարքունիքում` Զոդի շրջանում: Այժմ բանակցություններ են ընթանում տարբեր կազմակերպությունների հետ 20 Մվտ հզորության «Զոդ» հողմակայանի կառուցման նպատակով:

2015-ի ամռանը ՀՀ-ում մեկնարկեց 58 մլն դոլար արժողությամբ վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիրը, որը նախատեսված է 6 տարվա համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---