Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին իջեցվել է. Այս անգամ՝ 0.5%-ով

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին իջեցվել է. Այս անգամ՝  0.5%-ով

PanARMENIAN.Net - 2016-ի մայիսի 17-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%:

2016թ. մարտի 29-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Դրանից առաջ ԿԲ-ն նվազեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով փետրվարի 16-ին, սահմանելով այն 8.5%:

Կենտրոնական բանկը հայտնում է, որ 2016-ի ապրիլին արձանագրվել է 0.3% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -1.9%:

Համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, սակայն ներկայումս միջազգային ապրանքային շուկաներում գնանկումային միտումները փոխարինվել են հարաբերական կայունությամբ:

Այդուհանդերձ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին դեռևս կշարունակվի արտաքին աշխարհի գնանկումային ազդեցության փոխանցումը ներքին գներին՝ չեզոքանալով ընթացիկ տարվա երկրորդ կեսին:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-մարտին՝ 2015-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում արձանագրվել է տնտեսական ակտիվության զգալի ավելացում, որը պայմանավորվել է հիմնականում արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում՝ սպասվածից ավելի դրական զարգացումներով: Դրական միտումներ են արձանագրվում նաև ներքին պահանջարկում՝ արտացոլելով նախորդ ամիսների ընթացքում Կենտրոնական բանկի և Կառավարության կողմից իրականացրած խթանող քաղաքականության ազդեցությունը:

Ընդ որում, նշված ժամանակահատվածում ՀՀ տնտեսության արտահանելի հատվածն ընդլայնվել է և արձանագրել աճի բարձր տեմպեր: Վերոնշյալ զարգացումներից ելնելով՝ ԿԲ սպասումները 2016-ի տնտեսական աճի վերաբերյալ ճշգրտվել են աճի ուղղությամբ:

Միևնույն ժամանակ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ գնաճային սպասումները նվազել են՝ ԿԲ վարած հետևողական դրամավարկային քաղաքականության արդյունքում: Քաղաքականության ազդեցության գործոնին ներկայումս ավելացել է նաև բնական գազի սակագնի սպասվող իջեցման գործոնը, որի հիման վրա էլ Խորհուրդը նպատակահարմար է գտնում դրամավարկային պայմանների ավելի մեծ քայլով թուլացումը:

Նման քաղաքականության արդյունքում գնաճային միջավայրը 2016-ի երկրորդ կեսից աստիճանաբար կընդլայնվի և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաև արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի դրսևորման բացակայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում ևս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 9.25% և 6.25%:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մայիսի 27-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2016 թ. երկրորդ եռամսյակի ծրագրում):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---