ԼՂՀ կառավարությունը կկրճատի ծախսերը, պետբյուջեն կվերանայվի

ԼՂՀ կառավարությունը կկրճատի ծախսերը, պետբյուջեն կվերանայվի

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ՝ մայիսի 17-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության հերթական նիստը:

Հարությունյանը, ամփոփելով Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիայով պայմանավորված իրադարձությունները, նշել է, որ դրանք իրենց հետևանքներն են թողնելու հանրապետության տնտեսության և բյուջեի վրա: Մասնավորապես, ստեղծված իրավիճակում ծախսերը նախատեսվածից ավելի են արվում մի շարք կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ:

«Պահուստային ֆոնդից առաջնագծի ամրապնդման և սոցիալական լարվածության թուլացման ուղղությամբ գումարներ են ծախսվել: Աշխատավարձերի փոխհատուցում և դրամական աջակցություն են տրվում առաջնագիծ մեկնած մեր բոլոր հայրենակիցներին: Իսկ գործատու հանդիսացող ընկերություններին առաջարկվելու է արտոնյալ վարկերի տրամադրում՝ իրենց աշխատակից-դիրքապահներին աշխատավարձ տալու նպատակով: Այս ամենին զուգահեռ՝ նաև բյուջեի եկամուտների ձևավորման խնդրի առջև ենք կանգնելու՝ վերջին շրջանի ռազմական գործողություններով և խոշոր հարկատու հանդիսացող ընկերությունների չնախատեսված աշխատանքներով պայմանավորված:

Մի կողմից պետք է լրացուցիչ ծախսեր իրագործենք, մյուս կողմից եկամուտների նվազում է տեղի ունենալու: Հետևաբար, պետք է ծախսերը կտրուկ նվազեցնենք»,- նշել է վարչապետը:

Այս համատեքստում, նա գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել ծախսերի կրճատման առաջարկություններ: Կրճատումները, սակայն, Հարությունյանի խոսքով, չեն ազդելու այն ծրագրերի վրա, որոնք աշխատատեղեր են ստեղծում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրորդ կիսամյակից վերանայվելու է պետբյուջեն և փոփոխություններ կատարելու առաջարկով ներկայացվելու ԱԺ:

Վարչապետը հանձնարարել և հորդորել է համապատասխան կառույցների ղեկավարներին, մասնավորապես, շուկայում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների և գազալցակայաններում մատակարարվող սեղմված գազի գների ուսումնասիրություններ անցկացնել, քանի որ առկա են դրանց բարձրացման վերաբերյալ որոշ ահազանգեր: Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է հրետակոծությունից տուժած բնակավայրերի վերականգնման և տնտեսության զարգացման ծրագրեր մշակել՝ կառավարությանը ներկայացնելու համար:

Գործադիր մարմինը լրացումներ և փոփոխություններ է մտցրել ԼՂՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 23-ի «Ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին,ԼՂՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակներին, փախստականներին և բազմազավակ, միածնող ընտանիքներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ գնելու կամ բնակելի տներ կառուցելու և (կամ) վերանորոգելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» որոշման մեջ:

Նոր որոշման ընդունումը պայմանավորված է նշյալ քաղաքացիների համար, նրանց կողմից բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու դեպքում, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ՝ բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ԼՂՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երրորդ խմբի հաշմանդամներին, փախստականի կարգավիճակ ունեցող շահառուներին տրամադրվում է գործարքի արժեքի մինչև 20 տոկոսային կետի չափով կանխավճար՝ հետ վերադարձման պայմանով, ապա՝ նաև բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով վերը նշված շահառուներին գործարքի արժեքի մինչև 20 տոկոսային կետի չափով կանխավճարը կտրամադրվի անհատույց:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է մտցրել ««Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ: Նոր որոշմամբ, մասնավորապես, սահմանվում է, որ աշխատանքային կենսաթոշակները կվերահաշվարկվեն աշխատանքային և զինվորական կենսաթոշակները հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակների չափերը փոխվելու դեպքում:

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև առանձին ցուցակում նշված պաշտոններում աշխատած ժամանակահատվածները, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ նշանակված կենսաթոշակը, ինչպես նաև չաշխատելու պայմանով նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը դադարեցվում են՝ ըստ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի:

Կառավարության կողմից հաստատվել են վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների ու սաղմի պահպանման կարգը և պայմանները:

Կառավարության հավանությանն է արժանացել ԼՂՀ Շուշիի շրջանի մի շարք համայնքներում բազմամյա խոտաբույսերի մշակության 2016-ի ծրագիրը: Ծրագրի նպատակներից են այդ մշակաբույսերի տարածքների ընդլայնմամբ անասունների համար կերային բազայի ապահովումն ու գյուղատնտեսական նշանակության հողերի կառուցվածքի բարելավումը:

Գործադիր մարմնի որոշումներից մեկում արված փոփոխությամբ՝ նախատեսվում է հողօգտագործողների կողմից՝ իրենց տրամադրված սերմի արժեքի վերադարձում, եթե հողօգտագործողը տվյալ տարվա գարնանը և աշնանը մշակաբույսի (կորնգանի) ցանքս չի կատարում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---