ԼՂՀ վարչապետ. Վերջին տարիներին այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որ դեռ երկար կբավարարի

ԼՂՀ վարչապետ. Վերջին տարիներին այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որ դեռ երկար կբավարարի

PanARMENIAN.Net - Հայկական կողմի սպառազինությունը չի զիջում Ադրբեջանին. եթե նրանք ինչ-որ կարճ առավելություն են ունեցել, այսօր այդ առավելությունը չունեն: Այս մասին հայտարարել է ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանը, հայտնում է Tert.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե, արդյոք ժամանակն է ճանաչել ԼՂՀ անկախությունը` օգտագործելով այդ վերջին խաղաքարտը` Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ ՀՀ նախագահը մի քանի անգամ շեշտել է, որ իրավիճակի փոփոխության պարագայում Հայաստանը միակողմանի կճանաչի Արցախի անկախությունը: «Սա առաջին «մեսիջն» էր: Եթե շարունակվեին մարտական գործողությունները նման որոշում կլիներ: Թե որքանով է այսօր նպատակահարմար, չեմ կարող ասել, դժվար է ասել՝ ճիշտ պահն այսօ՞ր է, վա՞ղը, թե՞ մի քիչ հետո, բայց համոզված եմ, որ հեռու չէ այդ օրը: Ամեն դեպքում չկա վերջնական գնահատականը՝ որն է ճիշտը»,-ասել է նա:

Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար սպառնում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել, եթե ՀՀ-ն դիմի նման քայլի, ուստի, ինչպես նշել է ԼՂՀ վարչապետը, դա է պատճառը, որ այսօր քննարկվում է, որ միակողմանի կամ միանգամից նման որոշում չկայացվի: «Իհարկե, ճանաչումն իր հերթին վտանգում է բանակցային գործընթացը, իսկ մենք պետք է գնահատենք՝ շարունակե՞լ բանակցությունները, թե՞ այդ տարբերակով գնալ առճակատման: Եթե բանակցությունները լինեն անիմաստ, անարդյունք, համոզված եմ, որ մեզ այլ ելք չի մնա»,-ասել է նա:

Խոսելով ՀՀ-ի և ԼՂ-ի միջև մշակվող փոխօգնության մասին պայմանագրին` ԼՂ վարչապետը նշել է, որ պայմանագիրը կկանոնակարգի այն, ինչ այսօր ունենք: «Պայմանագիրը իրավական լուծում է փոխօգնության համար: Այսօր չէ, որ այդ գործընթացը սկսվել է: Արցախը երբևէ մենակ չի եղել: Մենք միշտ եղել ենք ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Բոլոր ժամանակներում մենք խնդիր չենք տեսել ոչ միայն փոխօգնության, այլև՝ ցանկացած հարցում: Վերջին օրերին Ղարաբաղ են այցելել ՀՀ նախագահը, վարչապետը ու չի եղել մի հարց բարձրացված մեր կողմից, որը չստանար արձագանք: Դրա համար պայմանագիրն ընդամենը դե յուրե կկանոնակարգի այն, ինչ գոյություն ունի»,-ասել է նա:

Անդրադառնալով սպառազինության հարցին` Հարությունյանը վստահեցրել է, որ մեր սպառազինությունը չի զիջում Ադրբեջանին: Նա նշել է, որ եթե նրանք ինչ-որ նոր անօդաչու, «կամիկաձե» սարքերով փոքր, կարճ առավելություն են ունեցել, այսօր այդ առավելությունը չունեն: Նա թյուր ձևավորված է համարել այն կարծիքը, որ բանակը զուրկ է տարրական բաներից: «Այո՛, կան խնդիրներ, ինչպես բոլոր շերտերում, այնպես էլ բանակում: Կոնկրետ մարտական գործողությունների օրերին մեր բանակն ապացուցեց, որ քանակական, որակական և այլ առումներով չի զիջում: Եկեք օբյեկտիվ լինենք: Մեր Պաշտպանության բանակն այսօր չի հրապարակում՝ ինչ ունի, չնայած, եթե ծանոթանաք ինտերնետային տեղեկատվությանը, կտեսնեք, որ բանակը չի զիջում, ընդամենը բացել ու համեմատել է պետք: Բայց կա ավելի գաղտնի հնարավորություն, որի մասին մեր բանակը չի խոսում: Հատկապես վերջին տարիներին մենք այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որը կբավարարի շատ երկար ժամանակ ապահովել մեր անվտանգությունը, լուծել այլ խնդիրներ, այլ առաջադրանքներ»,-ասել է վարչապետը:

Խոսելով հակառակորդի կողմից կիրառված «Սմերչ», «Սոնցեպյոկ» զինատեսակներին համարժեք պատասխանի հնարավորության մասին` ԼՂՀ վարչապետն ասել է, որ զենքը մնում է զենք: Նա հավելել է, որ առանց փակագծերը բացելու կարող է ասել, որ ՊԲ-ն ավելի հեռահար, ավելի հեռու խփող հնարավորություններ ունի: «Այո՛, մենք շատ բարձր ենք գնահատում մեր զինվորի ոգին, նրանց կատարած սխրագործությունները, բայց առանց զենքի անհնար կլիներ դիմակայելու հակառակորդին, որը վերջին տարիներին տասնյակ միլիարդների մասին է խոսում: Մեր բանակի սպառազինությունը բավարար է՝ լուծելու մեր երկրի անվտանգության խնդիրը»,-հավելել է նա:

Պատասխանելով այն դիտարկմանը, թե հայկական կողմը հարձակվողի՞, թե՞ պաշտպանվողի կարգավիճակում է` Հարությունյանն ասել է, որ այս փուլում դեռ հարձակման անհրաժեշտություն չկա: «Մեր խնդիրը մեր երկրի անվտանգությունն ապահովելու մեջ է: Երբ ստիպված լինենք նման քայլի դիմելու, համոզված եղեք, որ այդ խնդիրը մեր բանակը կկատարի»,-ասել է նա:

Անդրադառնալով այն տեսակետներին, որ բանակին հատկացվող գումարներն անարդյունավետ են օգտագործվել, կուլակաթափության, գումարները Ղարաբաղին փոխանցելու մասին Արցախից հնչած առաջարկներին` ԼՂ վարչապետն ասել է, որ կոչ է արվել գումարները ոչ թե Ղարաբաղին, այլ՝ մարտունակության բարձրացմանը փոխանցելու համար: «Ես համամիտ չեմ մտքի հետ, որ մեր ամբողջ գումարները փոշիացվել են: Կան չարաշահումներ բոլոր բնագավառներում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում: Բայց ծավալներն այնպիսին չեն, որ ասենք գումարները փոշիացել են, բանակը մնացել է առանց համապատասխան հնարավորությունների: Ունենք բավականին նորմալ տեխնիկա, սպառազինության բարձր աստիճան, երկար պայքարելու, երկար կռվելու հնարավորություններ»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է կուլակաթափությանը, ապա Հարությունյանը նշել է, որ ԼՂ իշխանությունը կողմ չէ դրան: «Մենք ընդամենը կոչ ենք արել մասնակցել, հաշիվ ենք բացել, որովհետև հարյուրավոր զանգեր էինք ստանում առաջին օրերին, հատկապես մեր հայրենակիցները ցանկություն էին հայտնում օգնելու, ու մենք պարտավոր էինք ընդառաջել: Մենք հայտարարել ենք, որ այդ գումարները չենք ուղղելու սոցիալ-տնտեսական այլ խնդիրներին, օգտագործելու ենք մարտունակության որակի բարձրացմանը: Իսկ ցանկացած բանակ զարգացման տեղ ունի: Մեր ցանկությունը դա է, որ մեր խոշոր գործարարները (օլիգարխ բառը չեմ ուզում օգտագործել), ովքեր ապրում են Հայաստանում, դրսում, ավելի մեծ մասնակցություն ունենան մեր մարտունակության աստիճանի բարձրացմանը: Այնպիսի վտանգավոր աստիճանի չենք, որ ի վիճակի չլինենք մեր անվտանգությունն ապահովել, կուլակաթափություն անենք, ով ինչ ունի-չունի վաճառի»,-ասել է ԼՂՀ վարչապետը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ շատ ու շատ զինամթերք այս տարիների ընթացում ձեռք է բերվել ոչ վարկով կամ այլ միջոցներով, և ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակել: »Զենքի ձեռքբերման պրոցեսը տևական է, գրեթե տարի չի եղել, որ զենք, ռազմական նշանակության համակարգեր չներկրենք: Դա մշտական գործընթաց է»,-ասել է նա:

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարեց, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---