20  18.05.16 - «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովը

Տասնյակ ամերիկյան կորպորացիա՝ հայաստանյան համաժողովին. Դիտարկում են ներդրումային հնարավորությունները

Տասնյակ ամերիկյան կորպորացիա՝ հայաստանյան համաժողովին. Դիտարկում են ներդրումային հնարավորությունները

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Հայ-ամերիկյան առևտրային պալատը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Կոնվերս բանկը մայիսի 18-ին Երևանում կազմակերպել են մեկօրյա բիզնես համաժողով՝ «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» խորագրով, ամերիկյան գործարարների համար Հայաստանի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու նպատակով:

Համաժողովին մասնակցում են հայկական գործարար դաշտի առաջատարներ, ինչպես նաև տարածաշրջանում հաջողությամբ տնտեսավարող ու Հայաստանում ներդրումային հնարավորությունները դիտարկող տասնյակ ամերիկյան ընկերությունների գործադիր պաշտոնյաներ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը համաժողովին նշեց. «Որպես դեսպան իմ գերակա խնդիրներից մեկը երկկողմ տնտեսական կապերի զարգացումն է: Դեսպանատունը և էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերներն աշխատում են համատեղ կոմերցիոն կապերի ամրապնդման ուղղությամբ, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկու երկրի տնտեսությունների համար»:

Դեսպանը տեղեկացրեց, որ միջոցառման շրջանակում Հայաստան են հրավիրել ամերիկյան այն մեծ ընկերությունների, որոնք նախկին խորհրդային միության տարածքում գործունեություն ծավալելու փորձ արդեն ունեն:

«Այդ ընկերություններն այստեղ ուսումնասիրում են Հայաստանի շուկայի հնարավորությունները: Մասնավորոպես, դրանք գործում են սպառողական ապրանքների, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում», - լրագրողներին հայտնեց դեսպան Միլսը:

Նա ընդգծեց, որ միշտ կգտնվեն բիզնես հնարավորություններ այն ամերիկյան ընկերությունների համար, որոնք պատրաստված, գործունեություն իրականացնելու ցանկությամբ են Հայաստան գալիս:

«Հայաստանում վերջին տասնամյակի ընթացքում իրագործվել են բարեփոխումներ, որոնք այստեղ ներդրումներ իրականացնելու հնարավորություն են տալիս: Եղել են հարկային, մաքսային, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված բարեփոխումներ, որոնց արդյունքում Հայաստան են ներգրավվել ամերիկյան մեծ ներդրումներ, այդ թվում՝ 2015-ին ContourGlobal-ի կողմից Որոտան հիդրոկասկադի ձեռքբերումը, ինչը խոշորագույն ամերիկյան ներդրումն է Հայաստանում», - ասաց դեսպանը:

Նա նշեց, որ հայ գործարաները կարողանում են լավ գործարքներ կնքել և մշտապես փորձում են նոր ապրանքներ ու ծառայություններ ներմուծել հայկական շուկա և գտնել իրացման նոր ուղիներ Հայաստանում պատրաստված ապրանքների ու ծառայությունների համար:

«Հայ գործարարների ու մի շարք հայտնի ամերիկյան ընկերությունների միջև կապեր ստեղծելով՝ հույս ունենք երկկողմ առևտրի հետագա ընդլայնման ականատեսը դառնալ: Սա այն է, ինչ անհրաժեշտ է հայ ժողովրդին տնտեսությունը զարգացնելու համար՝ ռեսուրսներ և կապեր», - ասաց դեսպանը:

Անդրադարնալով ՀՀ-ում կոռուպցիայի խնդրին, Միլսը շեշտեց, որ այդ հարցը, անշուշտ, գործարարները պետք է նկատի ունենան:

«Այսօր այստեղ հավաքվել են փործառու ընկերություններ, որոնք Հայաստանում ունեն գործընկերներ լրատվական դաշտում, կառավարությունում, գործարարների շրջանում, քաղաքացիական հասարակությունում, որոնց հետ միասին կարող են աշխատել կոռուպցիայի դեմ պայքարում հավասար խաղի պայմաններ ապահովելու ուղղությամբ», - ասաց Միլսը՝ նկատելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ճանապարհը այն օրինակներն են, որոնք ապացուցում են, թե հնարավոր է առանց կոռուպցիայի հաջողությամբ տնտեսվարել:

«Հենց ամերիկյան ընկերությունները կարող են այդպիսի լավ օրինակ ծառայել, հուսով եմ՝ կկարողանանք նոր բիզնեսներ ներգրավել Հայաստան, այդ թվում, այսօրվա միջոցառման արդյունքում», - եզրափակեց դեսպանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյաննիր հերթին նշեց, որ հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարևոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը:

«Նման միջոցառումները լուրջ խթան են տնտեսական գործակցության հետագա ընդլայնման, գործարարների համար նոր հնարավորությունների և նոր շուկաների բացահայտման համար», - ասաց Մինասանը՝ հավելելով. «Վստահ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման այս նոր փուլը կնպաստի հայկական և ամերիկյան գործարար համայնքների էլ ավելի սերտ և արդյունավետ գործակցության խրախուսմանը, նոր փոխշահավետ գործարար կապերի հաստատմանը և գործակցության նոր ոլորտների ուղենշմանը»:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում Կոնվերս բանկի Ներդրումային ծառայությունների բաժնի պետ Արտյոմ Զաքարյանը նշեց, որ նմանատիպ համաժողովները կարևոր են նրանով, որ հնարավորություն են ընձեռում օտարերկրյա ներդրողին ծանոթանալու տեղական բիզնես միջավայրին և գտնելու թիրախային ընկերություններ հետագա գործակցության համար:

«Հաճախակի, շուկայական իրավիճակից ելնելով գործարարներն ունենում են որոշակի ազատ միջոցներ, որոնք չեն ուղղվում բիզնեսի հետագա զարգացմանը: Այդ ժամանակավորապես ազատ միջոցները մենք կարողանում ենք կառավարել՝ ներդնելով միջազգային շուկաներում և բավականին բարձր եկամտաբերություն ստանալու հնարավորություն ենք ընձեռում»:

Զաքարյանի խոսքով, ՀՀ կապիտալի շուկայի ցածր զարգացվածություն ունենալու պարագայում Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնց ֆինանսավորման հիմնական ուղղությունը բանկային վարկերն են:

«Այն իրավիճակում, երբ վարկային բեռն ավելացնել այլևս հնարավոր չէ, գործարարին այլընտրանք չի մնում, քան զբաղվել նոր բաժնետերերի ներգրավմամբ: Հաշվի առնելով, որ արտասահմանյան ներդրողները փնտրում են ներդրումային նորուղղություններ զարգացող շուկաներում՝ լավ կլինի, եթե նոր փայատերերը լինեն հենց արտասահմանից», - ասաց բաժնի պետը:

Այս համաժողովը հարթակ է ամերիկյան գործարարների համար լսելու փորձագետների ու ֆինանսական հաստատությունների նկատառումները հայաստանյան ներդրումային հեռանկարների վերաբերյալ: ՀՀ պետական պաշտոնյաների կողմից ներկայացվեցին երկրի տնտեսական զարգացման գերակայությունները:

Հայ գործարարները նաև հնարավորություն կունենան ամերիկյան գործընկերների հետ քննարկելու հետագա գործընկերության ու գործարքների հեռանկարները:

Համաժողովին մասնակցելու համար Երևան էին ժամանել տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, էներգետիկայի, սպառողական ապրանքների, արտադրական և քիմիական արդյունաբերության ոլորտի տասնյակ ամերիկյան կորպորացիայի ներկայացուցիչներ, ինչը հայ գործարարներին հնարավորություն կտա ծանոթանալու հայտնի ամերիկյան ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են և ցանկանում են մուտք գործել ու ընդլայնել իրենց ներկայությունը հայաստանյան շուկայում:

Մեկօրյա համաժողովի շրջանակում զեկույցներ են նախատեսված ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ պետական այլ կառույցների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆոնդային բորսայի, ՎԶԵԲ-ի, ԱՄՀ-ի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների կողմից:

Համաժողովն իրականացվել է 2015-ի նոյեմբերին Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Խորհուրդը ձևավորվել է 2015-ի մայիսին երկու երկրի միջև Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---