Վիրավոր զինծառայողի տեղափոխումը Գերմանիա հետաձգվել է՝ անհապաղ վիրահատվել է

Վիրավոր զինծառայողի տեղափոխումը Գերմանիա հետաձգվել է՝ անհապաղ վիրահատվել է

PanARMENIAN.Net - Մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը մայիսի 17-ին վիրահատվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Մայիսի 17-ին կատարվել է ԿՏ հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հիվանդի մոտ ձախ պլևրալ խոռոչում (թոքային հատվածում) առկա է հեղուկի որոշ քանակություն: Հեղուկը հեռացնելու նպատակով իրականացվել է ձախ պլևրալ խոռոչի դրենավորում:

Նույն օրը երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում հիվանդի մոտ սկսել է ստամոքսաղիքային սուր արյունահոսություն: Կատարվել է գաստրոսկոպիկ հետազոտություն և 12-մատնյա աղիքում հայտնաբերվել է «սթրեսային խոց»: Զինծառայողն անհապաղ վիրահատվել է, կարվել է խոցը, ինչպես նաև կատարվել է պլաստիկ միջամտություն: Այս պահի դրությամբ հիվանդի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հաշվի առնելով, որ մայիսի 17-ին Արման Լազգիյանը վիրահատվել է, բժիշկների գնահատմամբ` վերականգնողական բուժման նպատակով նրա արտերկիր տեղափոխումը նպատակահարմար է որոշ ժամանակով հետաձգել, ասվում է ԱՆ հաղորդագրության մեջլ:

Ապրիլի 7-ին Թալիշի մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լեզգիյանը ծնողների և ուղեկցող բժշկի հետ մայիսի 19-ին պետք է մեկներ Գերմանիա, Համբուրգ՝ տեղի ակադեմիական կլինիկայում համալիր վերականգնողական բուժում ստանալու: Ծանր վիրավորված զինծառայողն ունի ողնաշարի, որովայնի ու կերակրափողի հետ կապված խնդիրներ: Իր հարցազրույցներում Միքայել Լազգիյանը ավելի վաղ ներկայացրել էր, որ «գնդակը մտել է կոկորդից, ողնաշարով դուրս եկել՝ վնասելով կերակրափողը, շնչափողը, ձայնալարերը, ողնաշարը, ողնուղեղը»: Ապրիլի 7-ին՝ վիրավորվելու օրը, նրան տեղափոխել են Մատաղիս, հետո Մարտակերտ, իսկ ապրիլի 8-ի առավոտյան ուղղաթիռով հասցրել Երևան: Նա մի քանի վիրահատության է ենթարկվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---