Radio Vatican. ԼՂ-ում լարվածությունը, հնարավոր է, քաղաքական շարժառիթներով է պայմանավորված

Radio Vatican. ԼՂ-ում լարվածությունը, հնարավոր է, քաղաքական շարժառիթներով է պայմանավորված

PanARMENIAN.Net - Radio Vatican ռադիոկայանի կայքն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ գրելով, որ ԼՂ-ում շարունակում են զոհեր գրանցվել, չնայած հակամարտությունը կարգավորելու՝ երկու պետության նախագահների ցանկության մասին հայտարարություններին:

Լրագրող Ֆրանչեսկա Սաբատինելին այս թեմայով խոսել է Osservatorio Balcani e Caucaso կենտրոնի լրագրող Սիմոնե Զոպելարոյի հետ:

Զոպելարոյի խոսքով՝ Վիեննայում երկու երկրի նախագահների հանդիպումը կարևոր քայլ էր, քանի որ նրանք երկար ժամանակ չէին հանդիպել, հատկապես՝ ապրիլից ի վեր, երբ տեղի ունեցավ 1994-ին կնքված հրադադարից ի վեր պատերազմի վատագույն շրջանը: Նա նշել է, որ 1994-ից ի վեր չէին եղել նման ծանր պատերազմական գործողություններ, ինչպես ապրիլի սկզբին, երբ գրանցվեց ավելի քան 300 զոհ երկու կողմից: Երկու նախագահը կրկին կհանդիպեն, և հույս կա, որ դա կարող է հանգեցնել խաղաղության վերաբերյալ համաձայնագրի կնքմանը:

Հարցին, թե ինչն է խանգարում հասնել այդ համաձայնագրին, լրագրողը պատասխանել է՝ այդ հակամարտությանն առնչվող ներքին և արտաքին տարբեր դերակատարների գործոնը:

«Ադրբեջանը նավթով ու գազով հարուստ պետություն է, որտեղ 1969-ից ի վեր իշխանության գլխին է մի ընտանիք՝ Ալիևների ընտանիքը։ Իշխանության մեջ գտնվող այս ընտանիքն օգտագործում է Ղարաբաղյան հակամարտությունն արդարացնելու ազատության տարբեր սահմանափակումները»,- ասել է Զոպելարոն՝ հիշատակելով նաև Ռուսաստանին:

«Կա նաև Ռուսաստանը, որը պաշտոնապես Հայաստանի դաշնակիցն է, բայց որը մեծ քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին: Այդպես, Ռուսաստանը երկակի խաղ է խաղում, որովհետև այդկերպ պահպանում է Հարավային Կովկասում իր համար կարևոր ներկայությունը: Եվրոպան և ԱՄՆ-ն, փոխարենը, մեծ անտարբերություն են դրսևորում այս հակամարտության հանդեպ և երբեք ջանք չեն դրել իրականում այն լուծելու համար: Այսպիսով՝ ցավոք, այս իրավիճակը ձգձգվել է մի ամբողջ քառորդ դար»,- ասում է Զոպելարոն, գրում է Tert.am-ը:

Լրագրողը հաստատում է, որ իսկապես այս լարվածությանը վերջ դնելը կարծես որևէ մեկի օրակարգում չէ իրականում:

«Եվրոպան նույնպես պետք է շատ ավելի համագործակցային վերաբերմունք ունենար, այս հակամարտության վերաբերյալ շատ ավելի մեծ հանձնառություն: Փոխարենը՝ ամեն կողմից մեծ ցինիզմն է իշխում։ Ցավոք, այս հակամարտությունը չի արձագանքում ռազմական տրամաբանությանը, այլ՝ քաղաքական տրամաբանությանը, որի պատճառով որոշակի պահերի որոշվում է, որ պետք է լինի լարվածություն, հնարավոր է՝ քաղաքական շարժառիթներով պայմանավորված»,- ասում է Զոպելարոն:

Լրագրողը պատմում է, որ այցելել է Թալիշ՝ «ուրվական գյուղ», որտեղ ամբողջ բնակչությունը ստիպված է եղել հեռանալ, դպրոցներն ու տներն ավերվել են, շատերը սպանվել, վիրավորվել, խոշտանգվել: «Մեզ այս ամենը տանում է 100 տարի հետ, երբ Եվրոպայում Առաջին համաշխարհային պատերազմն էր: Դեռ այսօր էլ, Առաջին համաշխարհային պատերազմից հարյուր տարի անց, խրամատներ կան, որտեղ երիտասարդները բախվում են մահվան սպառնալիքին: Եվ այս ամենն իսկապես աշխարհի կողմից մոռացված պատերազմ է»,- ասում է նա:

Լրագրողները նաև խոսել են Հռոմի պապի՝ Հայաստան կատարելիք այցի մասին, և Սիմոնե Զոպելարոն նշել է, որ դա լավ նորություններից է:

«Հանդիպել եմ քաղաքացիական հասարակության, վարչապետի հետ. նրանք բոլորն ինձ պատմել են Հռոմի պապի այցելության մասին որպես այս հակամարտության համար մեծ հույսի նշան: Հակամարտություն քրիստոնյա հայ բնակչության, որը եղել է պատմության մեջ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ժողովուրդը, և Ադրբեջանի մահմեդական բնակչության միջև: Հուսով եմ, որ Պապի այցը կարող է խաղաղության նշան լինել»,- ասել է նա:

Ֆրանցիսկոս պապի այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի շրջանակում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:

Նույն օրը երեկոյան Սրբազան քահանայապետը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

The Daily Mail. Հռոմի պապի այցը ՀՀ լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի միջև

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---