20  18.05.16 - «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովը

Նախարար. Մենաշնորհատերերի անունները կհրապարակվեն փաստարկված

Նախարար. Մենաշնորհատերերի անունները կհրապարակվեն փաստարկված

PanARMENIAN.Net - Տնտեսությունում մենաշնորհներ ունեցող մարդկանց անունները կհրապարակվեն: Այս մասին լրագրողներին հայտնել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե նա չգիտի՞ ովքեր են տնտեսությունը մենաշնորհել, եթե լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին ու անհատ քաղաքացիներին գործակցության կոչ է անում` վարչապետի հանձնարարականը կատարելու համար:

Մայիսի 12-ին Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պայքար է սկսում կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ` գերատեսչությունների ղեկավարներին երեք շաբաթ ժամանակ տալով իրավիճակը վերլուծելու և ներկայացնելու:

«ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովին էկոնոմիկայի նախարարը զարմանք է հայտնել, որ թափանցիկ ու հրապարակային աշխատելու իր նախաձեռնությունը քննադատությունների տեղիք է տվել:

«Ուզո՞ւմ եք համատեղ աշխատենք, ուզո՞ւմ եք աջակցեք` աջակցեք, բայց մի խանգարեք, փոխանակ լրագրողները, լրատվական դաշտը մասնակցի այս գործընթացին, միանում են այն անձանց, որոնք իրենց քաղաքական շահերից ելնելով՝ փորձում են այս կարևոր գործողությունը նսեմացնել: Չեք ուզում՝ մի արեք, ես գնալու եմ այդ ուղղությամբ և պայքարելու եմ մենաշնորհների դեմ», - նախարարին մեջբերում է Aravot.am-ը:

Մինասյանն ասել է նաև, որ չի պատրաստվում սիրողական մակարդակով հայտարարություններ անել, քանի որ որպես նախարար՝ ամեն մի գործողության հիմքում պետք է դնի օրենքը և իրավունքը:

«Վարչապետի տված ժամկետը բավարար է, որպեսզի մենք նշենք հիմնական խնդիրները, բայց այդ խնդիրները հիմնարար լուծում են պահանջում, որովհետև սահմանադրական նոր կարգավորումներով մենք պետք է դրանք անենք»:

Ըստ նրա՝ սիրողականից անցնում են հարցերի համակարգային, ամբողջական լուծման:

Էկոնոմիկայի նախարարը խոստացել է զեկույցի տեսքով հրապարակել բոլոր այն մարդկանց անունները, որոնք տնտեսությունում մենաշնորհներ ունեն. «Մի կասկածեք, բոլոր հայտնի անունները, որոնց մասին դուք մտածում եք, հայտնի կդառնան, բայց ես պետք է դա հրապարակեմ փաստարկված և հիմքերով»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մայիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը տրված հանձնարարականի կատարման ապահովման կապակցությամբ էկոնոմիկայի նախարարությունը մայիսի 16-ին հայտարարություն է հրապարակել, որում գրել է. «ակնկալում ենք ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, շահառուների, անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հակամենաշնորհային քաղաքականության ձևավորման գործում»: Առաջարկվել է մրցակցային պայմանների խեղաթյուրման և խախտումների դեպքերի վերաբերյալ մինչև մայիսի 20-ը զանգահարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության թեժ գծին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---