ՎՊ-ի հաշվետվության քննարկում ԱԺ-ում. Կառույցի դերը նվազում է, թերացումներ կան

ՎՊ-ի հաշվետվության քննարկում ԱԺ-ում. Կառույցի դերը նվազում է, թերացումներ կան

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2015-ի տարեկան հաշվետվության քննարկմանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել ՎՊ աշխատանքը, սակայն թերացումներ է նկատել:

«Երբ 6-7 տարի առաջ ներկայացվում էր զեկույցը, բերվում էին թվեր, որ բյուջե է վերադարձվել 1 միլիարդ, 2 միլիարդ, ընդհուպ մինչև 4 միլիարդ դրամ: Դա նշանակում է, որ այն ժամանակ ՎՊ-ն կարողանում էր բյուջետային միջոցների ծախսման նկատմամբ նոր սկսված վերահսկողությամբ մեծ թվով գումարներ վերադարձնել: Իսկ հիմա խոսքը գնում է 100-ավոր միլիարդների մասին։ Դա նշանակում է, որ այս տարիներին ՎՊ-ն իր առջև դրված խնդիրները կարողացել է կատարել»,- ասել է նա:

Նիկոյանը նշել է, նաև, թե ՎՊ-ին իրավունք է տրված հանրային ֆինանսների ամբողջական վերահսկողություն իրականացնել:

Ըստ նրա՝ կարևոր է որպեսզի ՎՊ-ն այդ ընթացիկ հաշվետվությունը ժամանակին հանձնաժողով ներկայացնի, ինչն օրենքի պահանջ է, բայց բավարար չի արվել: «Ցավոք, պետք է ասեմ, որ սա է այն բացասական մասը. ներկայացվել է 4 ընթացիկ հաշվետվություն, դա լավ է, բայց մնացածը չեք ներկայացրել»,-ասել է նա, գրում է Tert.am-ը:

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է.

«2012-ից ի վեր, երբ Հայ ազգային կոնգրեսը մասնակցում է խորհրդարանական քննարկումներին, Վերահսկիչ պալատի հաշվետվությունների ներկայացումը միշտ եղել է իրադարձություն: Այսօր դահլիճում իշխող կոալիցիայից 70-ից ավելի պատգամավոր պետք է լիներ, սակայն ներկա է ընդամենը 12-ը»:

Նրա խոսքով, Ազգային ժողովին ներկայացվում էր բավականին բարեխիղճ աշխատանք՝ լուրջ փաստեր բացահայտումների, չարաշահումների, մսխումների մասին. «Ես ունեմ դեժավյուի զգացում: Դեժավյուն գիտեք ինչ է՝ հոգեբանական մի երևույթ է, երբ ինչ-որ մի բան կատարվում է քեզ հետ և տպավորություն ունես, որ սա անցյալում բազմիցս քեզ հետ կատարվել է: Ինչո՞ւ է ինձ մոտ հիմա դեժավյուի զգացում: Պարզ բացատրություն ունի դա՝ որովհետև տարեցտարի ներկայացվում են այս փաստերը, տեղեկությունները չարաշահումների մասին, կոռուպցիայի մասին, բայց ոչինչ չի փոխվում, ոչ ոք չի պատժվում, ոչ ոք չի հեռացվում աշխատանքից, ոչ մի եզրակացություն կառավարությունը չի անում՝ իրավիճակը փոխելու ուղղությամբ:

Ուստի՝ բոլորիս մոտ ստեղծվում է տպավորություն, որ սա ինչ-որ անպտուղ աշխատանքի արդյունք է», - մեջբերում է Aravot.am-ը:

Զուրաբյանի խոսքով՝ տարիների ընթացքում փոխվում է միայն հաշվետվությունների ներկայացման ձևը:

Նա նշել է, որ Վերահսկիչ պալատի սկզբնական հաշվետվություններում շատ լավ երևում էին թվերը, թե ինչ ծավալի խախտումներ են տեղի ունեցել. «Այս անգամ նայում ենք, սակայն ամբողջական պատկեր չունենք, որովհետև շատ դեպքերում թվերն ուղղակի ներկայացված չեն: Կառավարությունը, իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Վերահսկիչ պալատի դերը ինչքան հնարավոր է նվազի: Որովհետև Վերահսկիչ պալատի բացահայտումները դառնում էին բուռն արձագանքների պատճառ, մեր ամբողջ հանրության մեջ ծավալվում էին խոսակցություններ կոռուպցիայի ահռելի չափերի մասին»:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Զուրաբյանին պատասխանել է, որ օրեր առաջ Հանրապետական խմբակցությունն իր նիստում հրավիրել է Վերահսկիչ պալատի նախագահին և բոլոր այն գերատեսչությունների ներկայացուցիչներին, որտեղ Վերահսկիչ պալատը ստուգումներ է կատարել. «3 ժամից ավելի է ձգվել մեր քննարկումը: Հանրապետական խմբակցության բոլոր անդամները, անխտիր բոլոր ներկաները արտահայտել են իրենց կարծիքները:

Նաև գերատեսչությունների առանձին ելույթների ժամանակ հարցուպատասխանների և ելույթների ձևով քննարկումները շարունակվել են»:

Բաղդասարյանը ընդգծել է, որ քննարկմանը ներկա է Թևան Պողոսյանը, «Օրինաց երկրից» երկու պատգամավոր, իսկ «Բարգավաճ Հայաստանից»՝ միայն Միքայել Մելքումյանը. «Նախկինում, երբ Վերահսկիչ պալատի հաշվետվությունն էր, հերթագրվում էին 30-40 հոգի, որի ճնշող մեծամասնությունը ընդդիմադիրներն էին: Այժմ կարող ենք արձանագրել, որ ընդդիմությունը գոհ է Վերահսկիչ պալատի աշխատանքներից: արդեն մի քանի անգամ ֆիքսել ենք, որ ընդդիմությունը սկսել է դրականը նկատել»:

Վերահսկիչ պալատը շարունակում է ստուգումներ կատարել սոցիալական ոլորտում, որի արդյունքում 2015-ին Արագածոտնի ու Կոտայքի մարզերում հայտնաբերվել է 571 խախտում, ինչն էլ կազմում է 105 մլն 599.000 դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---