«Անկախ կենսապատկեր». ՀՀ տաղավարը` Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսում

«Անկախ կենսապատկեր». ՀՀ տաղավարը` Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - «Անկախ կենսապատկեր» խորագրով հայկական տաղավարը, տեղակայված լինելով Վենետիկի սրտում՝ Հայկական փողոցում գտնվող Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում, հանրությանը կներկայանա որպես Հայաստանի հետանկախության շրջանի կենսապատկերային (լանդշաֆտային) քարտեզագրման մի յուրօրինակ լաբորատորիա:

Վենետիկի բիենալեն համաշխարհային արվեստի ամենահայտնի ֆորումներից է՝ միջազգային ցուցահանդես, որն անցկացվում է երկու տարին մեկ միջազգային ժյուրիի գլխավորությամբ։ Այն հիմնադրվել է 1895-ին որպես «Վենետիկ քաղաքի արվեստի միջազգային ցուցահանդես»:

Հայաստանյան տաղավարի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 26-ին: Հայկական տաղավարը կենտրոնանալու է 1991 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումների, դրանց տարբեր դրսևորումների ուսումնասիրման ու վերամեկնաբանման գործընթացների վրա։

Վենետիկում կայանալիք 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի ողջ ընթացքում մի շարք տարբեր գիտակարգեր ներկայացնող հետազոտող խմբեր կփորձեն մեկնաբանել հայկական կենսապատկերի տարբեր բաղադրիչները։

Թեմատիկ ուսումնասիրությունների ընթացիկ արդյունքները կվերբեռնվեն www.independentlandscape.am և www.venice2016.am կայքերում, ինչն էլ անմիջապես կարտացոլվի վենետիկյան տաղավարի էկրաններին՝ կարևորելով հընթացս կատարվող աշխատանքներն ու գործընթացը, ինչպես նաև վերջնական արդյունքները:

«Այս տաղավարը գալիս է ապացուցելու, որ հենց այսօր, ամեն օր, մարդկային գործունեության արդյունքում Հայաստանում փոխվում է կենսապատկերը, որը մոտ ապագայում կարող է հավակնել վերածվելու մշակութային արժեքի և արժանանալու հասարակության կամ պետության հոգածությանը»,- նշում է համադրող Սարհատ Պետրոսյանն իր համադրողական տեքստում:

Այս երևույթն առավել հատկանշական դարձավ 2000 թվականին ընդունված Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի արդյունքում, որը մարդածին միջավայրի և դրա դրսևորումների կոնցեպտուալ սահմաններն էականորեն ընդարձակեց՝ համադրելով ձեռակերտ և բնական ժառանգության սահմանները ներկա բնապահպանական դիսկուրսի հետ, հայտնում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության տաղավարի հանձնակատարն է ՀՀ մշակույթի նախարարությունը, հանձին՝ Վարդան Կարապետյանի, իսկ համադրողը՝ ճարտարապետ և քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը: Տաղավարն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Պողոսյան» հիմնադրամի, «Ռենկո» ընկերության, ամերիկահայ բարերար Վահե Գաբրաշի աջակցության շնորհիվ՝ համագործակցելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Ուրբանլաբ Երևան» կազմակերպության հետ։

«Թանգարանների միջազգային օրվա» շրջանակում՝ մայիսի 18-ին, Ե. Քոչարի անվան թանգարանում, ճարտարապետ և քաղաքաշինարար, համադրող Սարհատ Պետրոսյանը ներկայացրել է Վենետիկի 15-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում՝ Հայաստանի ազգային տաղավարի ցուցադրության հայեցակարգը:

1915-ին` Վենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարն արժանացավ «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին։ ՀՀ-ն ներկայացված էր «Հայություն» (Armenity) խորագրով ցուցադրությամբ, տաղավարը տեղակայված է Սուրբ Ղազար կղզում` Մխիթարյան միաբանության տարածքում։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում է սփյուռքահայ 18 արվեստագետ: Բիենալեի տաղավարի համադրողն Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգն էր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---