Արցախում զոհված համայնքապետերը հետմահու կպարգևատրվեն վարչապետի հուշամեդալով

Արցախում զոհված համայնքապետերը հետմահու կպարգևատրվեն վարչապետի հուշամեդալով

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մայիսի 19-ի նիստում վաղաժամկետ դադարեցրել է Սյունիքի մարզի Ախլաթյան և Դարբաս համայնքների ղեկավարներ Արմեն Բեգլարյանի և Մայիս Միրզոյանի լիազորությունները, հայտնում է Tert.am-ը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ Բեգլարյանն ու Միրզոյանը զոհվել են ադրբեջանական կողմից 2016 թվականի ապրիլի 4-ին, Արցախ մեկնած Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ Ախլաթյան և Դարբաս համայնքների ղեկավարները հետմահու կպարգևատրվեն ՀՀ վարչապետի հուշամեդալով, քանի որ արժանի են:

Նրանք իրենց պաշտոններում ընտրվել էին 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքում: Նշված համայնքներում կնշանակվեն համայնքի ղեկավարի նոր ընտրություններ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---