Ուկրաինայում ՀՀ դեսպան. Հայ և ադրբեջանական համայնքների ղեկավարները կհանդիպեն

Ուկրաինայում ՀՀ դեսպան. Հայ և ադրբեջանական համայնքների ղեկավարները կհանդիպեն

PanARMENIAN.Net - Լվովում հայտնի սպորտային միջոցառումից հետո լարվածությունն ինչ-որ կերպ լիցքաթափելու համար առաջարկ է եղել, որպեսզի մայիսի 19-ին Ուկրաինայի ժամանակով ժամը 12-ին հանդիպեն Ուկրաինայում հայ և ադրբեջանական համայնքների ղեկավարները: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, հայտնում է Tert.am-ը:

Ուկրաինական Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի քունգ ֆուի առաջնության ժամանակ ադրբեջանական հավաքականի մարզիկները ներխուժել էին ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ՝ հարձակվելով Հայաստանի հավաքականի անդամների վրա, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը։ Ավելին` ադրբեջանցիները նույնիսկ ֆեդերացիայի նախագահին էին փորձել հարվածել մահակներով: Դրանից հետո՝ մայիսի 16-ին հայերի և ադրբեջանցների միջև տեղի էր ունեցել բախում:Լվովի սրճարաններից մեկի մոտ ծեծկռտուք է տեղի ունցել հայերի և ադրբեջանցիների միջև, 6 մարդ տուժել է:

«Մայիսի 18-ին առաջարկություն եղավ, որ մայիսի 19-ին ներքին գործերի բաժնի պետի ներկայությամբ հանդիպեն հայ և ադրբեջանական համայնքների ղեկավար կազմերը, որպեսզի կարողանան միասին քննարկել այդ հաշտության եզրերը, որ կարողանանք հարցին խաղաղ լուծում տալ»,– ասել է նա:

Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին թե մայիսի լույս 19-ի գիշերը Լվովում ադրբեջանցիների ու հայերի միջև բախումներ են եղել, ինչին միջամտել են անգամ քրեական հեղինակություններ` դեսպանն ասել է. «Ով ասում է նման բաներ, հիմարություններ է ասում, ես եմ զբաղվում և անձամբ հայ համայնքի ղեկավարը՝ Վիլեն Շատվորյանը… ինչպես նաև այստեղ հարգանք վայելող անձինք: Օրինակ` այստեղ մի շատ լավ՝ Նիկոլայ անունով մարդ կա, նրան էլ ենք ներգրավել: Պաշտոնական, նաև ոչ պաշտոնական մեր բոլոր հնարավորությունները կիրառում ենք, որ հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով և լարվածությունն ավելի չխորանա»:

Ուկրաինայում, ըստ ՀՀ դեսպանի, բնակվում է մոտ 500 000 հայ, այդքան էլ՝ ադրբեջանցի:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել` նշելով, որ Լվովում իրավիճակի հետ կապված խուճապային տրամադրություններ տարածողներն ավելի շատ են վտանգում մեր հայրենակիցների անվտանգությունը: «Ինչ վերաբերում է դեսպանության գործունեությանը, ապա մեր դիվանագիտական ներկայացուցչությունը գործում է օպերատիվ և համարժեք»,-գրել էր նա:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---