Սիրիահայ գործարարների ցուցահանդես է բացվել. Ավելի քան 70 ընկերություն և անհատ է մասնակցում

Սիրիահայ գործարարների ցուցահանդես է բացվել. Ավելի քան 70 ընկերություն և անհատ է մասնակցում

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է«Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը, որն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակում:

Բացմանը ներկա էրնախագահ Սերժ Սարգսյանը:

Ցուցահանդեսին մասնակցում են սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված և գործարարությամբ զբաղվող սիրիահայերի 70-ից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր:

Ցուցահանդեսը գործելու է մայիսի 19-20-ին:

Նախագահը ծանոթացել է տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալած սիրիահայերի աշխատանքի արդյունքին՝ ցուցահանդեսում ներկայացված արտադրատեսականուն և առաջարկվող ծառայությունների սպառման հնարավորություններին, ընթացիկ խնդիրներին ու զարգացման ծրագրերին:

Հայաստանյան մասնավոր ձեռնարկությունները ցուցահանդեսում սիրիահայերին ներկայացնում են նաև իրենց մոտ առկա աշխատատեղերը և ծառայությունները, իսկ պետական ու միջազգային հաստատությունները՝ աջակցության իրենց ծրագրերը:

Տպագրության, հրատարակչության, ոսկերչության, փայտամշակման, զբոսաշրջության, ասեղնագործության, սարքավորումների արտադրության, հաստոցաշինության և այլ ոլորտներում արտադրանք թողարկող մեր հայրենակիցների ջանքերը Սարգսյանը ոգևորիչ է համարել և բարձր գնահատել ներկայացված ապրանքների որակական հատկանիշները: Նախագահը սիրիահայ ձեռներեցների հետ քննարկել է իրենց արտադրանքի իրացման և արտահանման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) 2015-ի նոյեմբերից նախաձեռնել է նոր ծրագիր՝ աջակցելու համար Սիրիայից ժամանած փախստականների տնտեսական ինտեգրմանը Հայաստանում։

Ծրագրի շրջանակում 2016-ի մայիսի 19-ից 22-ը անցկացվելու է նաև «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես ֆորում, որի նպատակն է սիրիահայերի գործարար ակտիվության խթանումը, սպառողներին մեր հայրենակիցների արտադրանքների և ծառայությունների հետ ծանոթացնելը, սիրիահայերի կողմից հիմնված ձեռնարկությունների ինտեգրումը Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ջանքերի միավորումը և աջակցության միասնական քաղաքականության մշակումը։

«Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես ֆորումը սիրիահայ գործարարներին, աշխատանք փնտրողներին, գործատուներին, ինչպես նաև պետական, միջազգային և տեղական աջակից կազմակերպություններին առաջարկում է մասնակցել դրա ընթացքում անցկացվող ցուցահանդեսին, դասընթացներին և կոնֆերանսին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---