Օրյոլում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը

Օրյոլում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը

PanARMENIAN.Net - ՌԴ Օրյոլ քաղաքում բացվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը: Այն կանգնեցվել է Տանկիստների պուրակում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հուշարձանի նախագծի հեղինակն ու քանդակագործը Օրյոլի բնակիչ Ալեքսեյ Ռիվկինն է: Հուշակոթողը 3 մ բարձրություն ունի` մարշալը ներկայացված է կանգնած, նրա ոտքերի մոտ ընկած են գերմանական դրոշն ու Էսեսականների զինանշանը:

Հուշարձանը ստեղծվել է մասնավոր միջոցներով, նախագծի արժեքը մոտ 10 մլն ռուբլի է: Հուշարձանի բացմանը մասնակցել է նահանգապետ Վադիմ Պոտոմսկին, քաղաքի բնակիչները, վետերաններ: Օրյոլի փողոցներից մեկը կրում է մարշալ Բաղրամյանի անունը:

Հովհաննես կամ Իվան Քրիստափորի Բաղրամյանը ԽՍՀՄ նշանավոր զորահրամանատար է, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար: Ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում՝ Չարդախլու գյուղում:

1915-ին Բաղրամյանը կամավոր ընդգրկվել է Ռուսաստանի բանակում և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվել է Կովկասյան ճակատում՝ Օսմանյան կայսրության դեմ: Զորացրվել է 1917-ին և 1920-ին մտել Կարմիր բանակ. Մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918-ի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին:

Նացիստական Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժելուց հետո 1941թ. հունիսին նշանակվել է շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում, որի շտաբը Կիևում էր։ Մասնակցել է մեծ տանկային ճակատամարտերին Ուկրաինայի արևմուտքում, Կիևի պաշտպանության ճակատամարտին: Նա առաջ քաշվել 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին, և վարել է Օրյոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943թ. նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցել 1944-ի մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա): Նրա բանակները ճեղքել-հասել են Բալթիկ ծով և շրջապատել 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում: Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման։

1945-ի սկզբին նրա բանակը մասնակցել է Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---