Զիկա վիրուսն ամռանը կարող է հասնել Վրաստանի սևծովյան տարածքներ

Զիկա վիրուսն ամռանը կարող է հասնել Վրաստանի սևծովյան տարածքներ

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացրել է 2016-ի ամռանը Վրաստանի սևծովյան ափամերձ տարածքներում Զիկա վիրուսի տարածման վտանգի մասին, հայտնում է Sputnik-Վրաստանը:

Զիկա վիրուսը հայտնվում է մարդու արյան մեջ մոծակների խայթոցի հետևանքով: Մի քանի օրում վարակվածների մոտ ի հայտ է գալիս բարձր ջերմություն, ցան, շաղկապենու բորբոքում:Հղի կանանց վարակման դեպքում նկարագրվել է նորածինների միկրոցեֆալիայի և զարգացման այլ բնածին արատների առաջացումը: Խորհւրդ է տրվում հղի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ այցելելուց:

Զիկայի վիրուսի տարածման վտանգը չափավոր է գնահատվում Եվրոպայի 18 երկրներում և բարձր` Մադերա կղզում և Սև ծովի հյուսիս-արևելյան ափամերձ տարածքում:

Սպառնալիքի բարձր մակարդակի պատճառն այդ տարածքներում Aedes aegypti մոծակի առկայությունն է, որն էլ այդ հիվանդության հիմնական տարածողն է:

Ռիսկային գոտում հայտնված երկրների համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ակտիվացնել պայքարը մոծակների դեմ` կրճատելով նրանց պոպուլացիան:

Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ մտադիր են ախտահանող միջոցառումներ իրականացնել Անակլիայից մինչև Սարպի ընկած տարածքում:

Հիվանդության ինկուբացիոն շրջանի մասին քիչ բան է հայտնի, հավանաբար այն կազմում է 1-3 օր: Ախտանշանները վառ արտահայտված չեն և նման են այլ ինֆեկցիոն հիվանդություններին: Վարակի ընթացքը միշտ ավելի սուր է, խրոնիկ ձև հիվանդությունը չունի: Անցնում է բավականին արագ, սակայն վիրուսը կարող է փոխել մարդու օրգանիզմի գենային կառուցվածքները և հազվադեպ, բայց վտանգավոր բարդություններ առաջացնել: Հատուկ բուժում, ուղղված պաթոլոգիկ գործընթացի հարուցիչի ոչնչացմանը, Զիկա տենդի համար գոյություն չունի: Բուժումը ենթադրում է անկողնային ռեժիմ, հեղուկների օգտագործում ինտոկսիկացիայի մակարդակի նվազեցման նպատակով, ինչպես նաև հեշտ յուրացվող և վիտամիններով հարուստ սնունդ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---