Պենտագոնը մտադիր չէ ՌԴ հետ համակարգել ռազմական գործողությունները Սիրիայում

Պենտագոնը մտադիր չէ ՌԴ հետ համակարգել ռազմական գործողությունները Սիրիայում

PanARMENIAN.Net - Պենտագոնը նախկինի պես մտադիր չէ համակարգել իր ռազմական գործողությունները Սիրիայում Ռուսաստանի հետ: «Մենք չենք համագործակցում և չենք համակարգում մեր գործողությունները ռուսական կողմի հետ»,-ասել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Միշել Բալդանցան:

Նա այդպես է մեկնաբանել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի առաջարկը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հետ համատեղ «Ջեբհաթ ան Նուսրայի» դիրքերին հարվածներ հասցնելու վերաբերյալ, հայտնում է «Վեդոմոստին»:

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն առաջարկել է ԱՄՆ-ին մայիսի 25-ից համատեղ ավիահարվածներ հասցնել գրոհայիններին, որոնք չեն միացել հրադադարի ռեժիմին Սիրիայում: Մինչև մայիսի 25-ը ԱՄՆ-ն կարող է շարունակել դուրս բերել Սիրիայում հրադադարն ապահովող խմբերը «Ջեբհաթ ան Նուսրայի» գրաված տարածքներից: Շոյգուն զգուշացրել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում մայիսի 25-ից միակողմանի հարվածներ հասցնել հրադադարին չմիացած ահաբեկիչներին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները տանկային գրոհ են ձեռնարկել սիրիական Համա գավառում, սակայն գրոհը կասեցվել է սիրիական կառավարական ուժերի կողմից:

«Ջեբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---