ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտահոգված են Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշմամբ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտահոգված են Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշմամբ

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը մտահոգված է Թուրքիայում պատգամավորների անձեռնմխելիության չեղարկման վերաբերյալ այդ երկրի խորհրդարանի որոշմամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:

Նա ասել է, որ «ԱՄՆ-ն մտահոգված է Սահմանադրության այն ուղղումով, որի համաձայն խորհրդարանի ավելի քան 100 անդամ զրկվում է խորհրդարանական անձեռնմխելիությունից, ինչը բացասաբար կանդրադառնա Թուրքիայում խոսքի ազատության վրա», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը` նոր ուղղումը պետք է հաստատի Թուրքիայի նախագահը: «Եթե այդ փոփոխությունը հանգեցնի քաղաքական բանավեճի հնարավորության նվազմանը, դա կվնասի Թուրքիայի ժողովրդավարությանը»,-ասել է Թոները:

Եվրամիությունը նույնպես մտահոգված է Թուրքիայում պատգամավորների անձեռնմխելիության չեղարկման որոշմամբ: Այդ մասին հայտարարել են եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և ընդլայնման հարցերով ներկայացուցիչ Յոհաննես Հանը: Նրանք նշել են, որ ըստ միջազգային կարգի, «նման որոշում կարող է կայացվել միայն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, թափանցիկ չափանիշներով և չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնա»:

Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմական է անվանել երկրի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշումը:«Իմ ժողովուրդը չի ցանկանում տեսնել խորհրդարանում պատգամավորների, որոնք սատարում են անջատողական ահաբեկչական կազմակերպությանը (ՔԱԿ-ին)»,-ասել է Էրդողանը:

Մայիսի 20-ին Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) քվեարկության 2-րդ փուլի արդյունքում ընդունվել է իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) հեղինակած սահմանադրության որոշ դրույթների փոփոխության առաջարկը, որը թույլ կտա անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց նկատմամբ դատական մարմինների կողմից հետաքննություն կիրականացվի: Առաջարկն անցել է 376 կողմ, 140 դեմ, 5 ձեռնպահ, 10 անվավեր ձայների հարաբերակցությամբ:

Ընթերցեք նաև. Թուրքիայի մեջլիսն ընդունել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նախագիծը

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---