Հանգիստը ՀՀ-ում և Վրաստանում ռուսաստանցիների համար ավելի թանկ է, քան Եվրոպայում

Հանգիստը ՀՀ-ում և Վրաստանում ռուսաստանցիների համար ավելի թանկ է, քան Եվրոպայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի զբոսաշրջության շուկայում պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. ռուսաստանցիներին շատ ավելի շահավետ է հանգստանալ Միջերկրական ծովում, քան ԽՍՀՄ նախկին հանրապետություններում: Այդպիսի եզրակացության է եկել Level.Travel-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Մալյուտինը Secretmag.ru-ում հրապարակված իր հոդվածում:

Փաթեթային տուրերը Հունաստան կամ Կիպրոս, ԵՄ երկրներ, ավելի էժան են, քան Հայաստան ու Վրաստան: Նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոյի փոխարժեքը բավականին բարձր է և թռիչքը դեպի Միջերկրական ծով ավելի երկար է տևում, ասվում է հոդվածում:

Այդպես, հեղինակը նշում է, որ ուղևորությունը Հայատանի մայրաքաղաք Երևան ռուսաստանցի 2 զբոսաշրջիկի համար կարժենա առնվազն 55 000 ռուբլի` (մոտ $750 ՀՀ փոխարժեքով) ` սա միայն թռիչքն ու կացարանը, առանց սննդի: Այդ նույն գումարով կարելի է երկուսով մեկ շաբաթ մնալ Կիպրոսի 4-աստղանի հյուրանոցում` նախաճաշով և ընթրիքով: Իսկ տուրերը Վրաստան սկսվում են 75 000-ից (մոտ $1050 ՀՀ փոխարժեքով): Նույն գումարով կարելի է հանգստանալ Իսրայելում կամ երկուսի համար էժան տուր գտնել Մալդիվներում:

Ընդ որում բարձր գները Հայաստանում կամ Վրաստանում լավ տնտեսական վիճակի կամ բացառիկ սպասարկման հետևանք չեն, այլ պայմանավորված են զբոսաշրջիկների անբավարար հոսքով, ասվում է հոդվածում:

Համապատասխանաբար, տուրօպերատորները չեն կարող ռուս զբոսաշրջիկներին չարթերային ծրագրեր առաջարկել և, որպես հետևանք, բիզնեսը կառուցվում է կանոնավոր չվերթների տոմսերի, հյուրանոցային համարների վաճառքի, դեպի օդանավակայան և հակառակ ուղղությամբ փոխադրման վրա: Սակայն, ինչպես նշում է հեղինակը, հաճախ ռուս զբոսաշրջիկներին այդ ծառայությունները հարկավոր չեն, քանի որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում կարելի է հեշտությամբ ռուսերեն խոսել, և լեզվի արգելքի բացակայության պայմաններում առանց ուղեկցողների հասնել ուր ասես:

Ընդ որում տուրօպերատորները շատ չեն վաստակում այդ տուրերով, քանի որ միայն տոմսերը ՌԴ-ից Վրաստան ու Հայաստան ինքնին թանկ արժեն: Մալյուտինը նշում է, որ, չնայած թռիչքի և կացարանի բարձր արժեքին, երկրի ներսում գները բարձր չեն` զվարճանքները, տեսարժան վայրեր այցելությունները, ռեստորաններն ու ատրակցիոնները թանկ չեն, առավել ևս մոսկովյան գների համեմատ:

Ելնելով դրանից, զարմանալի չէ, որ տուրերը դեպի Հայաստան ու Վրաստան մեծ պահանջարկ չունեն ռուսաստանցիների շրջանում, եզրակացրել է հեղինակը:

Վաղ ամրագրման շրջանում տուրօպերատորների ու ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների շրջանում Անդրկովկասի երկրներ, այդ թվում Հայաստան այլցելություն ծրագրողների թիվն 2016-ին աճել է 50 %-ով: DaTravel.com-ի գլխավոր տնօրենը նշել է, որ դեպի Երևան ամրագրված տոմսերի քանակը մեկ տարում 2,9%-ից հասել է 9,5%: Ավիաուղևորությունը դեպի Երևան Մոսկվայից ամռան շրջանում էժանացել է 39%` կազմելով 6,5 հազար ռուբլի: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մայիսյան տոներին Ռուսաստանից դեպի Երևան տոմսերի ամրագրումն աճել է 62%-ով: Նման ցուցանիշներ է հայտնել ավիատոմսերի օնալյն-ամրագրման Skyscanner համակարգը:

Երևանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների համար 2016-ի ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների 10-ում: Ըստ Oktogo.ru-ի, միջինը Երևանում ռուս զբոսաշրջիկն անցկացնում է 3,5 օր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---