HRt ցուցահանդես՝ ՀՀ-ում Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի 6-ամյակի առթիվ

HRt ցուցահանդես՝ ՀՀ-ում Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի 6-ամյակի առթիվ

PanARMENIAN.Net - Մարդկային ռեսուրսների ասոցիացիան (ՄՌԱ) Հայաստանում գործում է 6 տարի: Այդ կապակցությամբ ասոցիացիան մայիսի 20-ին կազմակերպել է HRt խորագրով ցուցահանդես:

Միջոցառման ընթացքում ՄՌԱ համայնքի անդամները ներկայացրին իրենց և իրենց երեխաների աշխատանքները մշակութային տարբեր ոլորտներում: Ցուցադրվեց ավելի քան 50 գեղանկար և այլ աշխատանքներ:

Հայաստանի մարդկային ռեսուրսների կառավարիչների համայնքը, այսպիսով, կիսվեց իր ստեղծագործական մտքով և ձգտումներով, ապացուցելով, որ հետաքրքրություններ և բազմակողմ զարգացման միտումներ ունի։

«Հայաստանի ՄՌ համայնքն ինքնաարտահայտվելու և զարգանալու հարթակ է: Այս միջոցառումը թույլ տվեց մի քանի ժամով մոռանալ առօրյա աշխատանքային կյանքը՝ լի փաստաթղթերով, նամակագրությամբ, հանդիպումներով և այլ մասնագիտական գործերով։ Մեր անդամներից շատերը ունեն հետաքրքիր և յուրատիպ աշխատանքներ, որոնք որոշեցինք հանրությանը ներկայացնել» - նշեց Հայաստանի ՄՌԱ նախագահ Արփի Կարապետյանը:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում նա ասաց, որ ՄՌԱ աշխատակազմը միայն մասնագիտությամբ չէ զբաղվում, և իր՝ որպես Ասոցիացիայի նախագահի նպատակն է խթանել աշխատողների ստեղծագործական գործունեությունը:

«Ցուցահանդեսի գաղափարն առաջացել է, երևի թե, այն հանգամանքից, որ ինքս նկարում եմ և միշտ նկատում եմ այն մարդկանց, ովքեր զբաղվում են արվեստով: Մեր մասնագիտական համայնքը բազմակողմանի զարգացած է, մարդիկ ունեն տարատեսակ հոբիներ, այդ ամենը պետք է խթանել, ստեղծել համապատասխան մթնոլորտ», - նկատեց Կարապետյանը:

Ասոցիացիայի ծրագրային մենեջեր Մարիա Վարդանյանն իր հերթին հավելեց, որ ցուցահանդեսը համախմբում է Ասոցիացիայի անդամներին և ամբողջ համայնքին գեղեցիկ գաղափարի շուրջ: նա նաև պարզաբանեց միջոցառման խորագիրը. «HRt՝ արվեստը մարդկային ռեսուրսների բնագավարում»:

Ցուցահանդեսը մասնակցում է նաև Թանգարանային գիշերվա միջոցառումներին և մայիսի 21-ին, ամբողջ օրվա ընթացքում, աշխատանքները հասանելի կլինեն հանրության համար:

ՄՌ համայնքի ստեղծման գաղափարը հասունացել էր դեռևս 2008-ին, երբ սկսեցին ձևավորվել ՄՌ ակումբներ, որտեղ հավաքվում էին ՄՌ առաջատար մասնագետներ` ոլորտի արդի հիմնահարցերը քննարկելու նպատակով: 2010-ի մայիսի 19-ին, ՄՌ Ասոցիացիան ձեռք բերեց իրավաբանական անձի կարգավիճակ: Ներկայումս, Ասոցիացիայում ընդգրկված է մոտ 50 ՄՌ բաժնի ղեկավար և մասնագետ, որոնք ակտիվորեն մասնակցում են կառույցի նպատակների իրականացման գործընթացին:

Իր գործունեության տարիների ընթացքում, Ասոցիացիան լուրջ ներդրում է ունեցել մարդկային ռեսուրսների մասնագետների դերը և տեղը բիզնեսում ամրագրելու գործում։ Այսօր արդեն Ասոցիացիայի ջանքերով ՄՌ համայնքն ունի էթիկայի կանոններ, կարողանում է ստանալ 120-ից ավելի երկրում համբավ ունեցող HRCI միջազգային ինստիտուտի սերտիֆիկացում, գտնել աշխատանք, լինել ակտիվ օրենսդրական դաշտում և ակտիվորեն զարգանալ։ ՄՌ ոլորտի հանրայնացումը եղել և մնում է Ասոցիացիայի կարևորագույն նպատակներից մեկը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---