Գազի սակագինը կարող է հուլիսի 1-ից նվազել

Գազի սակագինը կարող է հուլիսի 1-ից նվազել

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչև մայիսի վերջ նիստ կգումարի՝ գազի սակագինը 9.3 դրամով իջեցնելու վերաբերյալ թեմայով, տեղեկացրել է հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։

Ըստ այդմ՝ հնարավոր է, որ հուլիսի 1-ից արդեն բնակիչները կարողանան գազի 1 խմ դիմաց 156 դրամի փոխարեն վճարել 146 դրամ։

Ապրիլի 29-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բնական գազի սակագնի վերանայման հայտով, որով առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146.700 դրամ՝ ներկայում գործող 156.000 դրամի փոխարեն (9.3 դրամով 1 խորանարդ մետր գազի դիմաց)։ Ամսական 10 հազար և ավելի խորանարդ մետր սպառում ունեցողների համար հաշվարկող բանաձևում առաջարկվում է $276.98 սակագինը դարձնել $257.56:

Հանձնաժողովի պաշտոնյան նշել է, որ գազի գինը իջեցնելու առաջարկ է ներկայացրել «Գազպրոմ Արմենիան»՝ հիմնվելով ապրիլին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված գազային նոր համաձայնագրի վրա։ Բաղրամյանը շեշտել է ՝ սակագինը է՛լ ավելի իջեցնելու հնարավորություն չկա, քանի որ կողմերի ստորագրած համաձայնագրում ներառվել են հենց այս պայմանները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Գազի սակագինը իջնում է այն պայմանով, որ ընկերությունների եկամուտները մնան, այսինքն, այն ամբողջ եկամուտը, որ ձևավորվում է այդ տարբերությունից, ամբողջությամբ իջեցված է, այլևս իջեցնելու հնարավորություն չկա», - պարզաբանել է Բաղրամյանը:

Մայիսի 2-ին հայտնի է դարձել, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---