ՀՀ-ում տարածված ալերգենն է մարգագետնային խոտերի խառնուրդը. Բուժվում է

ՀՀ-ում տարածված ալերգենն է մարգագետնային խոտերի խառնուրդը. Բուժվում է

PanARMENIAN.Net - Հայաստանում ամենատարածված ալերգենը մարգագետնային խոտերի խառնուրդն է: Գարնանը սկսում են այն ալերգիաները, որոնք սովորաբար արտահայտվում են հարբուխի երևույթներով, աչքի, քթի քորով, փռշտոցով, կոկորդի, ականջի քորով: Այս մասին լրագրողներին ասել է Արաբկիր բժշկական համալիրի հանրապետական մանկական ալերգոլոգիական դիսպանսերի պատասխանատու, ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:

«Ամենատարածված ալերգենը մարգագետնային խոտերի խառնուրդն է, դրա սեզոնայնությունը տևում է ապրիլից մինչև սեպտեմբեր, հետևաբար մարդկանց մեծ մասն այս ամիսների ընթացքումէ ախտանիշներն ունենում»,- պարզաբանել է ալերգոլոգը, գրում է Tert.am-ը:

Ըստ մասնագետի՝ քանի որ ալերգիաները ներկայումս չեն համարվում անբուժելի խնդիր և Հայաստանում ևս հասանելի են վերջնական բուժման դեղորայքները, հիվանդներին առաջարկում են և՛ վերջնական, և՛ ժամանակավոր լուծում:

Նրա խոսքով, բուժումը կամ կանխարգելելը կախված է ալերգենի տեսակից. Հայաստանում տարածված ալերգենը գտնվում է այն խմբում, որը բուժելի տեսակ է: Աստղիկ Բաղդասարյանի խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տենդենց կա, տարեցտարի ալերգիաները շատանում են:

«Ավելի հաճախ սեզոնային ալերգիաները սկսում են հենց մանկական տարիքում, վաղ հասակում երեխաներն ունենում են ատոպիկ դերմատիտ կոչվող երևույթը, որն արտահայտվում է մաշկի չորությամբ, այտերի կարմիրությամբ, գլխի շրջանում թեփով: Այդ երեխաները հակում ունեն ավելի ուշ ձեռք բերելու այլ ալերգիկ հիվանդություններ»,-ասել է ալերգոլոգը։

Նա նշել է, որ երեխաներին նշանակում են մաշկի խնամք, իսկ դպրոցական տարիքում արդեն անհրաժեշտ է լինում հետազոտություն անցնել, ճշտելու, թե կոնկրետ որ ալերգենների նկատմամբ գերզգայություն ունի տվյալ երեխան:

Բաղդասարյանը նաև նշել է, որ պետք է երեխային թույլ տալ մեծանալ բնական միջավայրում՝ միաժամանակ նրան զերծ պահելով աղիքային վարակներից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---