ԵԽ-ի՝ Հայաստանի համար 2015-2018թթ. գործողությունների ծրագիրը մեկնարկել է

ԵԽ-ի՝ Հայաստանի համար 2015-2018թթ. գործողությունների ծրագիրը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացած միջոցառմամբ նշվել է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակը, և ազդարարվել է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի մեկնարկը:

Դրան ներկա էին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայնի-Դրագոնին, Հայաստանում հավատարմագրված ԵԽ անդամ երկրների դեսպաններ, ՀՀ պետական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Նալբանդյանը նշել է․

«Նախևառաջ, կցանկանայի նշել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Եվրոպայի խորհրդի աջակցությունը կառույցի հետ մեր բազմակողմանի հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում։ Հայաստանը շարունակական բարեփոխումներ է իրականացնում՝ առաջ մղելու ժողովրդավարական արժեքները, ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանությունը և ապահովելու օրենքի լիակատար գերակայությունը։ Եվ այս առումով շնորհակալ ենք Եվրոպայի խորհրդին այս գործընթացում մշտական աջակցության համար»։

Մեկնարկող գործողությունների ծրագիրը 2012-2014թթ. ընթացքում Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացված բարեփոխումների տրամաբանական շարունակությունն է, մասնավորապես՝ արդարադատության, օրենքի գերակայության, ժողովրդավարական կառավարման ոլորտներում։

Նալբանդյանի խոսքով, ինչպես նախորդում, այնպես էլ այս գործողությունների ծրագրում մեծ է Եվրոպական միության ներդրումը, ինչի համար ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր ԵՄ գործընկերներին։

«2013թ. Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Կազմակերպվել են տասնյակ խոշոր միջազգային համաժողովներ, միջոցառումներ, բարձրաստիճան փոխայցելություններ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունների ստորագրման մեկնարկ և այլն։ Կարող ենք արձանագրել, և դա նաև հաստատել է ԵԽ գլխավոր քարտուղարը, որ Հայաստանի նախագահությունը պսակվեց հաջողությամբ:

Հայաստանը հաստատակամ է այսուհետ ևս շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում», - հավելել է արտգործնախարարը։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայնի-Դրագոնին ընդգծել է, որ Հայաստանի հանձնառությունը խաղաղությանը և Եվրոպայի ժողովրդավարական անվտանգությանը մեծապես գնահատվում է թե Ստրասբուրգում, թե կազմակերպության անդամ երկրների կողմից։

Բատայնի-Դրագոնին շեշտել է, որ ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 15 տարիների ընթացքում բարեփոխումների բնագավառում արձանագրված հաջողություններն ակնառու են և տպավորիչ։

«Հայաստանի իշխանությունները շարունակաբար ամրապնդել են մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերիշխանությունը, ինչը ժողովրդավարական բարեփոխումների հանձնառության վկայությունն է։ Կարևոր է, որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացի հիմնական նպատակներից է մարդու իրավունքների և ազատությունների ամրապնդումն ու առաջմղումը»:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձել է նաև տարբեր բնագավառներում իրականացվելիք բարեփոխումներին՝ ընդգծելով ԵԽ պատրաստակամությունը՝ շարունակել դրանց համակողմանի աջակցությունը։

Խոսելով Հայաստանի դատաիրավական բնագավառում իրականացված բարեփոխումների մասին՝ ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց առաջընթացը՝ նշելով, որ Հայաստանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որտեղ գործում է փաստաբանների դպրոց։

Գաբրիելլա Բատայնի-Դրագոնին անդրադարձել է 2013թ. ԵԽ-ում Հայաստանի հաջողված նախագահությանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---