15  Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը 92 տարեկան է. Շանսոնյեի անվան հրապարակում համերգ է լինելու

Շառլ Ազնավուրը 92 տարեկան է.  Շանսոնյեի անվան հրապարակում համերգ է լինելու

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը դառնում է 92 տարեկան: Այդ առթիվ Երևանում՝ հենց Ազնավուրի անվան հրապարակում, երեկոյան ժամը 19:00-ին բացօթյա համերգ է սպասվում, որտեղ հիմնականում հնչելու են Ազնավուրի ստեղծագործությունները: Համերգի կազմակերպիչը TM Production ընկերությունն է, որի տնօրեն Թովմաս Մարտիրոսյանն այն մոտ երկու ամիս առաջ էր պլանավորել: Ասում է՝ գաղափարով Ազնավուրի հետ էլ է կիսվել, ինչին ի պատասխան շանսոնյեն համեստ ժպտացել է:

«Մտածում եմ, որ պետք է ոչ միայն Ազնավուրի, այլև մեր մյուս մեծերի ծննդյան օրերին էլ ուշադրություն դարձնել, ինչ-որ կերպ նշել: Մինասի կամ Սարյանի ծննդյան օրը, օրինակ, նկարիչների փառատոն կամ ցուցահանդես է կարելի կազմակերպել, կինոգործիչների՝ կինոյի հետ կապված միջոցառում: Սա, կարծում եմ, կարող է սկիզբ դառնալ, որ մեր մեծերին յուրովի ուշադրությունդարձնենք: Կողմնակից եմ, որ հենց ծննդյան օրը նշվի, քանի որ ծնունդն ավելի կարևոր է»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ մեծերի շնորհիվ է նաև, որ կարողանում ենք աշխարհին պատվով ներկայանալ:

Մայիսի 22-ին կայանալիք համերգին մասնակցելու են Լևոն Մալխասյանը, Տիգրան Համասյանը, Սոնա Շիրոյանը, Հայկ Պետրոսյանն ու «Արտ Սինեմա» անսամբլը: Նվագելու ու կատարելու են հիմնականում հենց Ազնավուրի երգերը, բայց ոչ միայն: Տիգրան Համասյանը, օրինակ, Կոմիտասի ստեղծագործությունն է նվագելու:

«Պետք է հայկական ժողովրդական մի ստեղծագործություն էլ հնչի, քանի որ, կարծում եմ, ինքը՝ Ազնավուրը, դեռ մանկուց բազմիցս է լսել մեր հայկական ժողովրդական երգիչների աշխատանքները»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ինչպես Լևոն Մալխասյանը, այնպես էլ Համասյանը անձամբ ծանոթ են Ազնավուրի հետ:

Հայկ Պետրոսյանն էլ Ազնավուրի մեծ երկրպագուն է, ով իր բենդով կատարում է շանսոնյեի 100-ից ավելի աշխատանք: Նա լավ ծանոթ է Ազնավուրի կյանքի պատմությանը, և համերգի ժամանակ դրվագներ է պատմելու շանսոնյեի կենսագրությունից, Հայաստան առաջին այցից:

Համերգին հնչելու են Ազնավուրի ամենահայտնի, այդ թվում՝ She ու La Boheme ստեղծագործությունները: Թովմաս Մարտիրոսյանի խոսքով, համերգը, հնարավոր է, ամենամյա դառնա:

Համերգն իրականացվելու է ArArAt կոնյակների հետ համատեղ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---